23/05/2015 12:35
«Պաշտոնական մակարդակով ԵՄ-ն պատրաստակամություն հայտնեց բանակցություններ սկսել Հայաստանի հետ»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ամփոփեց Ռիգայում կայացած ԵՄ Արևելյան գործընկերության 4-րդ գագաթաժողովի արդյունքները՝ նշելով, որ Հայաստանի երկու տարվա աշխատանքը՝ սկսած Վիլնյուսի գագաթաժողովից, բերեց նրան, որ արդեն պաշտոնական մակարդակով Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնում բանակցություններ սկսել Հայաստանի հետ՝ հենվելով բացառապես երկկողմանի հարաբերությունների վրա, որը ենթադրում է ոչ միայն Ասոցացման պայմանագրի քաղաքական մաս, այլ նաև՝ տնտեսական համագործակցության հեռանկարներ:
Ըստ նրա, խոսվում է տնտեսական այնպիսի մեխանիզմի մշակման մասին, որը չի հակասի Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական միության շրջանակում ստանձնած պարտավորություններին, բացի այդ փաստաթուղթը կդառնա յուրատեսակ պատուհան ԵՏՄ-ի և Եվրամիության միջև՝ տնտեսական, քաղաքական համագործակցություն բացելու տեսակետից:
«Հայաստանին հաջողվել է ապացուցել, հասկանալի դարձնել իր դիրքորոշման պրագմատիզմը, Հայաստանի ընտրությունը Եվրամիության համար հասկանալի դարձավ»,- ասաց նա՝ հավելելով, որ թե՛ ԵՏՄ-ն, թե՛ ԵՄ-ն հասկանում են, որ անհրաժեշտ է հարթակ՝ քաղաքական, տնտեսական շփումներ ապահովելու համար, և Հայաստանը հայտ է ներկայացնում լինելու այդ հարթակը երկու միությունների միջև: