30/05/2016 13:27
Թուրք քաղաքագետ. Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման ընթացքին Բունդեսթագում դժվար կլինի խոչընդոտել
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման ընթացքին դժվար կլինի խոչընդոտել, քանի որ դրանում ընդգծվում է նաև Հայոց ցեղասպանության մեջ գերմանական կայսրության դերը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրք քաղաքագետ, Սուլեյման Շահ համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր, հայտնի հրապարակախոս Ջենգիզ Աքթարը (Cengiz Aktar):
«Դա պարզապես բանաձև չէ Ցեղասպանության հարցում Օսմանյան կայսրության դերի մասին, դրանում շեշտվում է գերմանական կայսրության դերը Ցեղասպանության մեջ: Բանաձևը բազմակուսակցական աշխատանքի արդյունք է, ուստի կրկնապատկվում է դրա ընդունման հավանականությունը: Կա ուժեղ կամք, որ այդ բանաձևը կընդնունվի: Դժվար կլինի խոչընդոտել կամ սպառնալ Գերմանիայի օրենսդրին», - ասաց թուրք քաղաքագետը:
Ջենգիզ Աքթարը նկատեց, որ բանաձևի ընդունումը Անկարայի և Բեռլինի միջև լարվածություն կառաջացնի: «Միևնույն ժամանակ թուրք-գերմանական տնտեսական հարաբերությունները շատ ամուր են, որ այս բանաձևի ընդունումը ընդհանուր առմամաբ ազդեցություն ունենա թուրք-գերմանական հարաբերությունների վրա», - ասաց նա:
Այդուհանդերձ, թուրք քաղաքագետը շեշտեց, որ Անկարան լուռ չի մնա և որոշակի գործողությունների կդիմի ցույց տալու համար իր դժգոհությունը:
«Անկարան, հնարավոր է, դեսպանին հետ կանչի, հետո սակայն մի քանի ամսից նորից հետ ուղարկի, և ոչ ավելին», - ասաց Ջենգիզ Աքթարը:
Բանաձևի նախագիծը Բունդեսթագ է ներկայացվել մոտ մեկ տարի առաջ Կանաչների կուսակցության նախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրի նախաձեռնությամբ: Այս նախաձեռնությանը միացել են մի շարք այլ կուսակցույուններ:
2016 թ. հունիսի 2-ին Բունդեսթագի օրակարգային 5-րդ հարցով նախատեսված է 4 էջից բաղկացած բանաձևի քննարկումը: Այն ներառում է 101 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունների զոհերի հիշատակին և հարգանքին նվիրված կետեր:
Բանաձևի քննարկումը սկսվելու է Բեռլինի ժամանակով 11:20 և տևելու է մոտ մեկ ժամ: