09/10/2017 19:03
«Մասկառադ ա». Իրարանցում ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ
Այսօր «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի» քննարկման ժամանակ իրարանցում տեղի ունեցավ դահլիճում. Օրինագծի ընդդիմախոսները բացականչություններով ու գոռգոռոցով արտահայտվելու հնարավորություն էին պահանջում:
Բողոքող ընդդիմախոսների թվում էր հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը, պաշտոնաթող գնդապետ, «Հանուն ինքնիշխանության վերականգնման» ՀԿ ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը:
«Մասկառադ ա, էս ի՞նչ եք անում, թույլ տվեք մենք էլ խոսենք», - քննարկումը վարող Մարինե Մանուչարյանից պահանջում էր Նահապետյանը: Քննարկման վարողը բացատրեց քննարկման ձևաչափը, ասաց, որ պանելային քննարկում է լինելու, որտեղ խմբերը կներկայացնեն օրինագծի վերաբերյալ մոտեցումներ ու ընթացքում հնարավորություն կտրվի խոսել: Սակայն ընդդիմախոսները, մասնավորապես, Խաչիկ Ստամբոլցյանը ցանկանում էր ելույթ ունենալ:
Խաչիկ Ստամբոլցյանը մոտեցավ դահլիճում նստած արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին ու խոսքի իրավունք պահանջեց. «Այս քննարկումը դառնում է խիստ միակողմանի, և ընտանեկան բռնության մասին մենք բազմաթիվ փաստեր ունենք, խոսելու հնարավորություն է մեզ պետք: Ի՞նչ քննարկում, եթե մեզ արտահայտվելու հնարավորություն չեն տալիս»:
Հայկ Մարտիրոսյանը չհամաձայնեց քննարկման կազմակերպիչների առաջարկած ձևաչափին և դիմելով լրագրողներին՝ հրավիրեց նրանց դուրս, որպեսզի կարողանա ներկայացնել իրենց դիրքորոշումը նախագծի վերաբերյալ:
Օրինագծի ընդդիմախոսներից մեկը մոտեցավ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին և բավական հանգիստ տոնով ներկայացրեց իր տեսակետը: Նա ասաց, որ բռնություններ «մեր ազգին երբևէ հարիր չեն եղել», հորդորեց հետ տալ օրինագծի համար ծախսված դրամաշնորհները ու հրաժարվել նախագծից:
«Մեր ընտանիքը միշտ եղել ա պինդ: Հիմա ձեր ընդունած օրենքներով դու դրամական պարգև եք դրել, որ կինը դիմի այդ մարմիններին ու դրամ ստանա: Պարզ չի՞ որ շահագրգռում եք, որ …», - նախարարին դիմելով՝ հետաքրքրվեց ընդդիմախոսներից մեկը:
«Իհարկե ոչ», - պատասխանեց նախարարը: