09/10/2017 19:43
Ես չեմ ուզում, որ ո՛չ իմ երեխաները, ո՛չ իմ թոռները բռնության ենթարկվեն որևէ ընտանիքում. Դավիթ Հարությունյանը՝ վիճահարույց օրինագծի ընդդիմախոսներին
«Ես քեզ ասում եմ՝ սխալ օրենք ես գրել», - այսօր «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի» նախագծի քննարկման ժամանակ, երբ կրքերը թեժացել էին ու օրինագծի ընդդիմախոսները բողոքում էին, դիմելով նախարարին՝ հայտարարեց հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը:
Նախարարին Ստամբոլցյանը դժգոհեց, որ քննարկման ժամանակ օրինագծի ընդդիմախոսներին խոսելու հնարավորություն չի տրվում: Մինչդեռ քննարկման կազմակերպիչները հայտարարել էին, որ մինչև 15 րոպե նրանց կտրվի ժամանակ ներկայացնելու օրինագծի վերաբերյալ իրենց հիմնավորումները:
«Պարոն նախարար, թույլ տվեք մենք բացատրենք՝ ինչ ա թաքնված այս ամենի տակ», - արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին ասաց Ստամբոլցյանը:
Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ Ստամբոլցյանը և մյուսները միշտ էլ հնարավորություն ունեցել են խոսել օրինագծի շուրջ ու հավելեց. «Ընտրեք ամբիոն ձեզ համար»:
Սակայն Ստամբոլցյանը չէր լսում ու շարունակ խոսում էր. «Անունը դրեք փողոցային կամ եսիմ ինչ բռնություն, ինչի՞ եք անվանում ընտանեկան բռնություն: Ընտանիք քայքայելու ծրագիր ա սա: Ես ամբողջը գիտեմ, էդ ամբողջ ծրագրերը գիտեմ, ֆինանսավորողին էլ գիտեմ: Ախր անհարմար ա, դուք երեխաներ ունեք, ձեր երեխաների ճակատագրի մասին մտածեք: Վաղը ամենածանր բանը ձեր երեխային ա լինելու, դատաստան կա, քո երեխային քեզնից կբռնեն, կտանեն գիտե՞ս՝ որտեղ, էն ապաստան տները, որ դու տեղն էլ չես իմանա: Մի մտածի, որ միշտ պաշտոնի ես մնալու»:
Նշենք, որ ապաստարան ստեղծելու պահանջը քննարկվող օրինագծով է սահմանվում. ընտանեկան բռնության զոհը կարող է ժամանակավոր ապաստարանում ապրել, մինչև կկարգավորվեն հարցերը:
Ի պատասխան ընդդիմախոս կանանցից մեկի դիտարկմանը, թե Դավիթ Հարությունյանը դեմ է գնում հայկական օրենքների, սեփական երեխաների, նախարարը պատասխանեց. «Հակառակը, ես չեմ ուզում, որ ոչ իմ երեխաները, ոչ իմ թոռները բռնության ենթարկվեն որևէ ընտանիքում»: