11/10/2017 12:27
Վիգեն Սարգսյանը խորհրդարանում անդրադարձել է իր՝ բանակում չծառայելու մասին հայտարարություններին
Այսօր խորհրդարանում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով լսումների ժամանակ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը անդրադարձավ իր՝ զինվորական ծառայություն չանցնելու մասին հայտարարություններին։
«Երկար ժամանակ քննարկվում էր հարցը, թե արդյոք պաշտպանության նախարարը ծառայել է, թե չի ծառայել։ Պաշտպանության նախարարը ծառայել է այն տեսքով, որը հիմա առաջարկում է իր համաքաղաքացիներին, այսինքն՝ ուսման ընթացքում նախապատրաստում զինվորական ծառայության, ավարտից հետո՝ սպայական ծառայություն և այդ ձևով երկրին օգտակար լինելու կարողություն։ Ես դրա մեջ որևէ վատ բան չեմ տեսնում», - այսօր լսումների ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարարը՝ նկատի ունենալով «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերը։
Նրա խոսքով՝ աշխարհի առաջատար ուսումնական հաստատություններում ուսանողներին հնարավորություն են տալիս մեկ տարի վերցնել տարկետում՝ հանգստանալ, ծառայել և հետո միայն գալ, նստել սովորել։
«Դա ցույց է տալիս, որ ուսման ընդհատման խնդիր չկա, դա թույլ է տալիս շունչ քաշել ու վերալիցքավորված վերադառնալ ուսման», -ասաց նախարարը։