06/09/2018 17:02
Նախորդ իշխանությունների ժամանակ Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին նույնիսկ խոսակցությունների մակարդակով չի եղել. Շարմազանով (Տեսանյութ)
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մտահոգված է ՀԱՊԿ-ում Ադրբեջանի հնարավոր անդամակցության կամ դիտորդի կարգավիճակ ստանալու մասին շրջանառվող լուրերով:
«Թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի կառավարման տարիների ընթացքում նման հարց ՀԱՊԿ-ում նույնիսկ խոսակցությունների մակարդակով չի եղել: Մենք մտահոգված ենք ադրբեջանառուսական հարաբերությունների մերձեցմամբ: Սրանով շատ լուրջ մտահոգություն պետք է ունենան բոլոր քաղաքական ուժերը և առաջինը գործող իշխանությունը», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ կոչ անելով իշխանություններին չանել քայլեր, որոնք կվտանգեն թե՛ ՀԱՊԿ հեղինակությանը, թե՛ հայ-ռուսական հարաբերություններին:
ԱԺ փոխնախագահը նաև չի բացառում, որ նման խոսակցությունները կարող են կապված լինել վերջին քրեական գործերի հետ, մասնավորապես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովին առանց համապատասխան արարողակարգի քրեական պատասխանատվության կանչելու, կամ էլ ղարաբաղյան հիմնահարցում հայկական կողմի հայեցակարգի բացակայության պատճառով:
«Հույս ունեմ, որ այսուհետ գոնե մերօրյա իշխանությունները ավելի լուրջ կվարվեն և չեն անի քայլեր, թեկուզ անփությունից կամ լայքեր հավաքելու մոլուցքից ելնելով, որոնք կարող են ՀԱՊԿ-ում Հայաստանի դերը հարցականի տակ դնել», - նշեց նա:
Անդրադառնալով հայ-ռուսակական հարաբերությունների վտանգի տակ լինելուն՝ Շարմազանովը նկատեց՝ չի ուզում գույները խտացնել ու պնդել, որ դրանք վտանգի տակ են, բայց, օրինակ, անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը, որ հայ-ռուսական հարաբերություններում անվստահություն կա, մտահոգիչ է.
«Երբ Փաշինյանը խրոխտ ձայնով ասում էր, որ Հանրապետական պատգամավորներց մեկը հուզվել է, որ հայ-ռուսական հարաբերությունները վատ են, «վայ քոռանամ ես», էդ հեգնանքը թող պահի իրեն: Եղբայր, հարգելի պարոն վարչապետ, քո անվտանգության խորհրդի քարտուղարն է ասել, որ կա անվստահություն, էդ անվստահությունը մեր աշխատանքի արդյունքում չի առաջացել, այլ առաջացել է ձեր անզգույշ հայտարարարությունների և գործողությունների հետևանքով: Մենք ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններ ունենք, ՀԱՊԿ-ում լուրջ դիրքեր ունենք, զուտ նրա համար, որ հասկանում ենք՝ Հայաստանի և Արցախի համար առաջիկա տասնամյակներում հիմնական մարտահրավերը լինելու է հիմնական մարտավարությունը, և Հայաստանը պարտավոր է լիել այս կամ այն ռազմաքաղաքական բլոկի անդամ», - նկատեց նա: