31/01/2019 16:50
Պետք է խելամիտ բեռնաթափում կատարել և գիտելիքների մակարդակը խորացնել. կրթության փորձագետ
Չեմ կարծում, որ պետք է դպրոցական առարկայացանկն ամբողջությամբ փոխել, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հավանաբար նկատի է ունեցել առարկաների ծրագերի վերանայման անհրաժեշտությունը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
«Հիմնական առարկաները, այսպես, թե այնպես, պետք է մնան։ Հանրակրթական առարկաների թվաքանակն ամբողջ աշխարհում կայուն է։ Մեկ երկու առարկա կարող է ավելացվել կամ պակասեցվել, բայց առարկայացանկն ամբողջությամբ չի կարող վերանայվել», - ասաց նա։
Անդրադառնալով հանրակրթական դպրոցներում «Շախմատ» առարկայի դասավանդման ձևաչափին՝ Սերոբ Խաչատրյանը նկատեց, որ այս մարզաձևը դպրոցներում զարգացնելու մեծ հնարավորություններ կան, և եթե ծրագրերն ու դասագրքերը վերանայվեն, առարկան կարող է բավական արդյունավետ լինել։
«Մեր դպրոցներում պետք են առարկաներ, որոնք խաղարկային կլինեն։ Դրանք աշակերտների զարգացման մեծ պոտենցիալ ունեն։ Խաղարկային դասաժամերն, անշուշտ, պետք է վերանայվեն։ Խոսքն այդ թվում «Ֆիզկուլտուրա» առարկայի մասին է։ Խաղային այդ առարկայի ուսուցման կերպը պետք է փոխվի», - նշեց ոլորտի մասնագետը՝ հավելելով, որ պետք է արդիականացվի նաև «Ինֆորմատիկա» առարկայի դասավանդման կարգը։
Կրթության փորձագետը միաժամանակ համոզմունք հայտնեց՝ հանրակրթական դպրոցների առարկայացանկերում պետք է խելամիտ բեռնաթափում կատարել և տրվող գիտելիքների մակարդակը խորացնել։
«Մենք խորքային գիտելիքի պակաս ունենք։ Երեխաները պետք է քիչ բաների մասին իմանան, բայց ինչ էլ իմանան՝ խորությամբ։ Իրական կրթությունը խորը կրթությունն է, քանի որ եթե մի բան գիտես մակերեսային, դու դա չգիտես։ Խորքային կրթության մոդել ես համարում եմ, օրինակ, խորհրդային տարիների կրթական մոդելը։ Միաժամանակ, պետք է հիշել, որ կյանքը խորհրդայի տարիներին այնպիսին էր, որ համացանցի բացակայության պայմաններում երեխաներն առավել հակված էին առարկաները խորությամբ ուսումանսիրելու և սովորելու», - ասաց Սերոբ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ասել էր, որ հայագիտական և մնացած բոլոր առարկաները վերանայվելու են։
«Առհասարակ, ուսումնական ծրագրերը վերանայվելու են և մինչև 2023 թվականն ունենալու ենք լրիվ նոր առարկայացանկ», - ասել էր գործադիրի ներկայացուցիչը։