31/01/2019 13:31
Արայիկ Հարությունյանը որոշ քահանաներից ներողություն է սպասում և դիմել է Էջմիածնի համապատասխան ատյաններ (Տեսանյութ)
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Հայ Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդմանն ու վերջերս Արարատի մարզի Այգեստան համայնքի միջնակարգ դպրոցում քահանայի հետ տեղի ունեցած միջադեպին։
Լրագրողները նախարարին հարցրել են՝ հանվելո՞ւ է առարկան ուսումնական ծրագրից, քանի որ միջադեպի մասին բարձրաձայնած «հոգևոր հովիվը նշել է, որ դուք ասել եք, թե Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումը պետք է վերանայվի»։
«Մեջբերեք, որտեղ եմ ասել՝ կմեկնաբանեմ։ Հոգևոր հովվի ասածը չեմ մեկնաբանում», - ասաց Արայիկ Հարությունյանը։
Լրագրողների ու նախարարի ճեպազրույցը՝ ամբողջությամբ.
- Նա ասում է, որ դուք ասել եք՝ ի՞նչ գործ ունեք այստեղ, նա անձամբ է ասել...
- Նա սուտ է ասում, որ այդպիսի բան է քննարկվում։ Նման հարց նախարարությունում չի քննարկվել:
- Կարևորո՞ւմ եք Հայ Եկեղեցու պատմության դասավանդումը։
- Ես կարևորում եմ բոլոր հայագիտական առարկաները, պարզապես բոլոր հայագիտական առարկաներն ու մնացած առարկաները վերանայվելու են։ Առհասարակ, ուսումնական ծրագրերը վերանայվելու են և մինչև 2023թ.-ը ունենալու ենք լրիվ նոր առարկայացանկ։
Ես ԱԺ ամբիոնից ասել եմ՝ բոլոր առարկաները վերանայվելու են։ Կան բազմաթիվ բողոքներ ծանրաբեռնվածության հետ կապված, ծրագրերի անհամապատասխանության հետ կապված, տարբեր առարկաներում նույնաբովանդակ նյութերի մատուցման հետ կապված։ Նույն Եկեղեցու պատմության, Հայ ժողովրդի պատմության, հայրենագիտության առարկաներում, ռազմագիտության, նույնիսկ՝ երգի դասագրքում, կրկնություններ կան բոլոր այս առարկաների հետ կապված։ Պետք է թեթևացնենք, ծնողներն ամենաշատը դրանից են բողոքում, որ իրենց երեխաները շատ ծանրաբեռնված են։
- Նաև դասագրքերից կան բողոքեր, դրանք փոխվելո՞ւ են ու դա լրացուցիչ ծախս չի՞ լինի պետության համար։
- Դասագրքերի փոփոխությունը ֆինանսական լրացուցիչ ծախս կլինի պետության համար։ Վաղը մենք քննարկում ունենք հենց կոնկրետ դասագրքերի հետ կապված, նույն՝ ծանրության հետ կապված։ Գուցե դասագրքերը դարձվեն երկհատոր։ Առաջին հատորն առաջին կիսամյակի համար, երկրորդը՝ երկրորդ։
Ինչ վերաբերում է ձեր նշած քահանային, այդ քահանան ընդհանրապես այնտեղ չի եղել։ Այդ պատմությունը հետևյալն է. կա այդ գյուղում, կամ այդ տարածքում Տեր Դավիթ և երբ որ ես այցելել եմ այդ դպրոց, այդ ընթացքում հոգևորական է այդտեղ եկել։ Ես տնօրենին հարցրել եմ՝ հոգևորականը դպրոցում ի՞նչ գործառույթ ունի, նա ասել է, որ «դասղեկական ժամերին նրան սովորաբար հրավիրում ենք»։
- Դուք, որպես կրթության նախարար, չգիտե՞ք՝ հոգևորականն ի՞նչ գործառույթ ունի դպրոցում։
- Յուրաքանչյուր դպրոցը ինքը կարող է որոշել, թե այս կամ այն մարդն ինչ գործառույթ ունի իր դպրոցում։ Հարցն ուղղվել է տնօրենին։ Խոսակցությունը եղել է դասղեկական ժամերին նրա ներկայության հետ կապված, որը մեծ խնդիր է։ Դասղեկական ժամերը նախատեսված են կազմակերպչական ծրագիր իրականացնելու համար և ոչ թե հոգևոր քարոզ իրականացնելու համար։
- Դուք երկխոսության բռնվե՞լ եք նրա հետ, դուք անձամբ նրան ասե՞լ եք` դուրս եկեք դպրոցից։ Նա ասում է, որ ասել եք՝ դպրոցն աշխարհիկ կառույց է։
- Չի եղել նման... Այո, ասել եմ, որ դպրոցն աշխարհիկ կառույց է, բայց մենք Տեր Դավիթի հետ ձեռքսեղմումով ենք ավարտել մեր զրույցը և, առհասարակ, կարող եք այդ քահանայի մասին տեղեկություններ հավաքել ու պարզել, թե ինքն ինչ տեսակ մարդ է։
- Դուք երեկ նշեցիք, որ այս թեմայի շուրջ կեղծ լուրեր տարածողները պատասխանատվության են ենթարկվելու։
- Խոսքն այն հրապարակումների մասին է, որոնք ես հիմա խնդրել եմ իրավաբաններին նայել ու եթե դրանց մեջ զրպարտություն կա, իսկ դրանց մեջ զրպարտություն կա, ապա համապատասխան ատյաններ կդիմենք։
- Քահանանաներն էլ սպասում է, որ պետք է ներողություն խնդրեք։
- Ես սպասում եմ, որ ընդհանրապես այդ միջադեպի կամ խոսակցության հետ կապ չունեցող քահանաներն իրենք պետք է ներողություն խնդրեն և ես նաև երեկ Էջմիածնի համապատասխան ատյաններին փոխանցել եմ դա։
- Դուք ընդունու՞մ եք, որ նախորդ իշխանությունների օրոք շատ է թույլ տրվել, որ եկեղեցին մտնի բանակ, դպրոց։
- Ես ընդունում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում նախորդ կառավարության թողտվությամբ ու որոշ առումով նաև իրենց շահերից էր բխում, որ որոշ խմբեր չհարգեն ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները։ Հայաստանի Հանրապետությունում բոլորը պետք է հարգեն Սահմանադրությունն ու օրենքները։
- Երեկ հոգևորականի գրառումն անվանեցիք անկիրթ, այսօր մեկ այլ հոգևորականի մեղադրեցիք ստախոսության մեջ, չե՞ք կարծում, որ սա ևս վիրավորական է։
- Եթե այնտեղ եղել են բազմաթիվ մարդիկ ու նրան ես դուրս չեմ հանել դպրոցից և նրանք դրա մասին հայտարարում են, ես չեմ կարող ասել, որ դա ճիշտ տեղեկություն է, ես պետք է ասեմ, որ դա կեղծ տեղեկություն է ու դա սուտ է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արարատյան Հայրապետական թեմի Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը այցով եղել է Արարատի մարզի Այգեստան համայնքի միջնակարգ դպրոցում, որտեղ հանդիպել է դպրոց այցելած քահանայի, ինչը նրան, վրդովեցրել է։