15/02/2019 10:30
Ուիլյամ Բարը նշանակվել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում
ԱՄՆ գլխավոր դատախազի - արդարադատության նախարարության ղեկավարի պաշտոն ստանձնել է Ուիլյամ Բարը, հայտնում են Սպիտակ տնից:
Սպիտակ տան մամուլի ծառայությունը տարածել է երդմնատվության փակ արարողության լուսանկարը: Երդմնատվությունն անցկացրել է ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը՝ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ:
Մինչ այդ Սենատը Բարին հաստատել էր 52 կողմ և 36 դեմ ձայներով: Ավելի վաղ նա հայտարարել է, որ այդ պաշտոնում իր առաջնահերթություններից մեկն է համարում ԱՄՆ-ում ընտրությունների պաշտպանությունը:
Բարն արդեն գլխավոր դատախազ է աշխատել Ջորջ Բուշ Ավագի նախագահության օրոք:
Թրամփը 2018 թվականի նոյեմբերին պաշտոնից հեռացրել էր գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին, նրա պարտականությունները կատարում էր Մեթյու Ուիթաքերը: