28/03/2019 12:29
Ուղեղային կենտրոնները ոչ միայն հավակնում են, այլև արդեն դարձել են հինգերորդ իշխանություն. Կարեն Բեքարյան
Շատ պարզ բան կա. երբ երկիրը չի կարող մրցակցել հումքով, տնտեսությամբ, դեմոգրաֆիայով, պետք է մրցակցի գոնե ուղեղով: Ուղեղային կենտրոնների խնդիրը կարևոր է հատկապես փոքր երկրների համար, այսօր՝ «Օրբելի» կենտրոնի կողմից կազմակերպված «Հայաստանը փոփոխությունների շեմին» միջազգային համաժողովի ժամանակ ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանը:
Նրա խոսքով, ուղեղային կենտրոնները ոչ միայն հավակնում են, այլև արդեն դարձել են հինգերորդ իշխանություն՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններից ու ԶԼՄ-ներից հետո:
Կարեն Բեքարյանը նկատեց՝ պետական կառույցներին հարակից կամ պետական կառույցների ներքո աշխատող անձինք, լինելով ուղեղային կենտրոնների ներկայացուցիչներ, պետք է իրենց համար հստակեցնեն՝ արդյոք պատրա՞ստ են, որ շատ գաղափարների բարձրաձայնման ժամանակ իրենց անունը չի հնչելու:
«Պետք է լինի աղյուսը՝ աղյուսի վրա, ոչ թե աղյուսը՝ աղյուսի փոխարեն: Չի կարելի գլուխ գովալ այս կամ այն մտքով: Պետք է պատրաստ լինել այն բանին, որ քո միտքը ծառայում է ոչ թե քեզ կամ քո պաշտոնին, այլ քո երկրին և քո երկրի շահին: Պետության ներքո աշխատող ուղեղային կենտրոնը պետք է հասնի նրան, որ իր աշխատանքի արդյունքում ստացված արդյունքները լինեն հնարավորինս կիրառելի: Պետք է գեներացնել միտք, որը երկրի «մատից փուշ կհանի»», - ասաց նա:
Ինչ վերաբերում է անկախ վերլուծական կենտրոններին, ապա, փորձագետի խոսքով, վերջիններս մրցակցում են՝ հաճախ ոչ հավասար պայմաններում, և նրանց ճիգերը պետք է բազմապատկվեն՝ արևի տակ տեղ ունենալու համար:
Կարեն Բեքարյանը նշեց նաև, որ Ռուսաստանին, որպես ռազմավարական գործընկերոջ, մենք առաջարկելու շատ բան ունենք, իսկ ահա Միացյալ Նահանգների պարագայում դեռևս շատ անելիք կա: