05/11/2012 12:31
Այսօր հետախույզի օրն է
Այսօր հետախույզի օրն է: Այս առթիվ այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հատուկ նշանակության խմբի հիմնադիր անդամ, նախկին հետախույզ Վարդան Ենոքյանը նշեց, որ հետախույզ լինելն իր համար հոգեվիճակ է: Նրա խոսքով, հայ հետախույզների թվում շատ են լավ հետախույզները, սակայն մեր հետախուզության վիճակն այսօր լավ է, բայց ոչ գերազանց:
«Փոխաբերական իմաստով ասած, հետախույզները գրպանում պետք է ունենան կախարդական բանալի, որով կարողանան բացել յուրաքանչյուր դուռ: Այս ոլորտում զինտեխնիկան և զինատեսակները շատ արագ են կատարելագործվում և պետք է դրան համընթաց կատարելագործվել: Այս առումով, ոլորտին բացարձակ գերազանգ գնահատական դժվար է տալ»,-ասում է Վարդան Ենոքյանը:
Նախկին հետախույզ Վովա Վարդանովի խոսքով, թեև Ադրբեջանը միշտ հատուկ ուշադրություն է դարձնում ոլորտին, սակայն մեր ժամկետային զինծառայողներն ավելի պատրաստված են, քան հատուկ պատրաստվածություն ունեցող ադրբեջանցի դիվերսանտները:
Նրա խոսքով, այս առումով տարբեր են նաև հետախույզներ պատրաստելու միջոցները: «Հետախույզ պատրաստելը բավական թանկ հաճույք է, և ամեն երկիր այն իրեն չի կարող թույլ տալ: Մենք հետախույզներ ենք պատրաստում Ռուսաստանի օգնությամբ, և այն գրքով, որով սովորում են հայ հետախույզները, առաջին էջում գրված է` հատուկ օտարերկրյա ուսանողների համար: Իսկ ադրբեջանցի հետախույզներ պատրաստում են թուրքական ուսումնական բազաներում, սակայն մեր տղաները ամեն դեպքում ավելի լավն են»,-ասում է Վ.Վարդանովը: