03/07/2015 11:55
Է.Շարմազանով. Կարևորը ոչ թե փողը որտեղից, այլ որ էլեկտրաէներգիան օգոստոսի 1-ից չի թանկանալու
Քաղաքացիական շարժումը գոնե այս փուլում հաջողության հասավ: Բաղրամյանում հավաքված մեր քաղաքացիների արդար պահանջն էր, որպեսզի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի համար ավելի գումար չվճարեն, ինչը եղավ: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը.
«Մեզ համար ընկալելի և հասկանալի են քաղաքացիական հասարակության մտահոգությունները, քանի որ մեզանից յուրաքանչյուրը դեմ է ցանկացած թանկացման»,- նշեց նա:
Ըստ փոխնախագահի՝ երկրի ղեկավարի կողմից կայացրած որոշումը Սողոմոնյան որոշում է, որը գուցե բոլորին չի բավարարի, բայց այն դրական է, քայլ առաջ է: Ու թեև վերջնական հարցի լուծում չէ, բայց քննարկումները պետք է շարունակվեն: Սա, ըստ Է.Շարմազանովի, գործընթացի սկիզբն է միայն.
«Եթե մեր քաղաքացիները ցանկանում են իրոք տերը դառնալ մեր երկրի, ապա պետք է հրապարակային ունենան իրենց մասնակցությունը աուդիտի գործընթացում»:
Ինչ վերաբերում է վերջին օրերին ամենից շատ շահարկված հարցին, թե այդ ի՞նչ արտաբյուջետային միջոցների մասին է խոսքը, որոնցից սուբսիդավորվելու է թանկացումը, որը չի վերաբերի բնակիչներին, Է.Շարմազանովն ասաց, որ կգա ժամանակը և կհրապարակվի, թե ինչ միջոցների մասին է խոսքը.
«Հիմա կարևորը ոչ թե այն է, թե փողը որտեղից, այլ կարևորն այն է, որ օգոստոսի մեկից չի թանկանալու էլեկտրաէներգիան: Իշխանությունը, հանրապետության նախագահն էլ պատրաստ է երկխոսության»,- ընդգծեց նա:
Շարմազանովը կարևորեց էներգետիկ համակարգի առողջացումը: