30/07/2015 19:56
Facebook-ը կթողարկի եռաչափ վիրտուալ իրականություն
Facebook ընկերությունը ստեղծելու և ինտերնետում տարածելու է հաղորդակցության նոր տեսակ՝ եռաչափ վիրտուալ իրականություն: Այս մասին հայտնում է «ТАСС»-ը:
«Կարծում եմ՝ տեսանյութից հետո հաջորդ քայլը կդառնա եռաչափ տեղեկատվական տարածությունը: Մարդիկ միշտ փնտրել են նոր հնարավորություններ հաղորդակցության և լուսանկարից մենք անցանք տեսանյութի: Սակայն դրանով ճանապարհը չի ավարտվում: Առջևում եռաչափ վիրտուալ իրականությունն է»,- հայտարարել է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը:
2014 թվականի գարնանը Facebook-ը 2 միլիարդ դոլարով ձեռք է բերել Oculus VR ընկերությունը, որը լայն ճանաչում է ձեռք բերել վիրտուալ իրականության սաղավարտի` Oculus Rift-ի ստեղծման շնորհիվ, և այժմ Facebook-ը խոշոր միջոցներ է ներդնում այդ տեխնոլոգիայի կատարելագործման համար, որպեսզի օգտատերերին հնարավորություն տա աշխատել համացանցում վիրտուալ իրականության ձևաչափում:
Մ. Ցուկերբերգի պլանների համաձայն՝ 2016 թվականի առաջին կեսին Facebook-ի ցանցում կստեղծվի վիրտուալ իրականության հարթակ և այնտեղ կտեղադրվեն խաղեր և տեսանյութեր: