06/10/2015 19:55
Էրդողանը սպառնացել է Ռուսաստանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանին սպառնացել է, որ Սիրիայի շուրջ իրավիճակի պատճառով հնարավոր է խաթարվեն ռուս-թուրքական բարեկամական հարաբերությունները:
«Բոլորին են հայտնի մեր լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց եթե Ռուսաստանը կորցնի այնպիսի բարեկամի, ինչպիսին Թուրքիան է, որի հետ համագործակցում է տարբեր ոլորտներում, շատ բան կկորցնի, և Մոսկվան պետք է իմանա դա»,- թուրք առաջնորդի խոսքերն է մեջբերում gazeta.ru-ն։
Լրատվականն ընդգծում ու հիշեցնում է, որ ավելի վաղ թուրք պաշտոնյաներն հայտնել էին, որ ռուսական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտումները վնասում են ՆԱՏՕ-ի շահերին։
Հիշեցնենք, որ Անկարայում այսօր ՌԴ դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ՝ ռուսական ռազմական ինքնաթիռի մասնակցությամբ նոր միջադեպի առնչությամբ բացատրություն տալու։