24/05/2016 09:59
Հաշվեք` ինչ են ուզել, ինչի են հասել. Դավիթ Բաբայանը կորցված 800 հա-ի մասին
Ողջ քաղաքական դաշտն ընկղմված է 800 հեկտար տարածք կորցնելու խոսքուզրույցի մեջ: Կորուստը շա՞տ է, թե՞ քիչ: Հայաստանում կարծիքները խիստ տարբեր են: Ի՞նչ են մտածում Արցախում: «Իրատեսի» հետ զրույցում ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը, Արցախում տիրող տրամադրություններին անդրադառնալով, ասել է.
«800 հեկտար տարածքի գերակշիռ հատվածը չեզոք տարածքում է։ Պարզապես ադրբեջանցիները որոշ մասերում իրենց հենակետերը չեզոք գոտու հաշվին առաջ են բերել: Ռազմաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում ընդհանրապես չի փոխվել, մեկ-երկու հենակետ առաջ տանելով՝ այդ հավասարակշռությունը չի փոխվում:
Նրանք նպատակ ունեին բլիցկրիգով գրավելու ողջ Արցախը, կապիտուլյացիայի ենթարկելու հայոց երկու պետությունները և ցեղասպանություն իրականացնելու, հայաթափելու Արցախը: Նրանց այս պլանը լիակատար ձախողվեց, տվեցին մարդկային բազմաքանակ զոհեր, ունեցան տեխնիկայի կորուստներ: Հիմա հաշվեք, տեսեք` ինչ են ուզել, ինչի են հասել: Ընդամենը չեզոք գոտում իրենց հենակետերը մի քիչ առաջ են տարել: Եթե սա էր բլիցկրիգի արդարացումը, ուրեմն կատարյալ ֆիասկո ապրեցին: Իրենք մտածում էին վերցնել առնվազն 15-20 հազար քառակուսի մետր տարածք, եթե այս դիտակետից եք հարցին մոտենում, ակնհայտ է նրանց պարտությունը: Վերլուծությունը պետք է օբյեկտիվ լինի»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: