29/08/2016 12:34
Սարի թաղում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար ևս 2 անձի մեղադրանք է առաջադրվել
2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում երկու անձանց ևս մեղադրանքներ են առաջադրվել, տեղեկացնում է Հատուկ Քննչական ծառայությունը:
Քաղաքացիներ Ա. Տ.-ին և Ֆ. Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել՝ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար: Վերջիններիս նկատմամբ ընտրվել է անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց:
Հիշեցնենք, որ նույն քրեական գործի նախաքննության ընթացքում արդեն 6 անձանց տարբեր մեղադրանքներ են առաջադրվել առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: