28/10/2016 13:42
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի պատվիրակության ղեկավարների հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների շրջանակում Երևանում գտնվող Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինի և Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովի հետ:
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը։
Տարոն Մարգարյանն ընդգծել է երկուստեք հարաբերությունների խորացման և ամրապնդման կարևորությունը՝ նկատելով, որ «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների անցկացումը ևս մեկ հնարավորություն է` քննարկելու երկու մայրաքաղաքների միջև իրականացվող ծրագրերի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները:
«Երկու մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության շրջանակում իրականացվել և իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք աչքի են ընկնում արդյունավետությամբ: Այդ ամենն իր հերթին նպաստել է Երևան-Մոսկվա գործնական կապերի ամրապնդմանը, և համոզված եմ, որ ձևավորված գործնական մթնոլորտը շարունակելու է զարգանալ՝ ապահովելով համատեղ ծրագրերի շարունակականությունը: Ու վստահ եմ, որ համատեղելով մեր ուժերը, նոր որակ կհաղորդենք երկու մայրաքաղաքների փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը», - ասել է Տարոն Մարգարյանը:
Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինն ու Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովն ընդգծել են, որ Մոսկվան բարձր է գնահատում Երևանի հետ փոխգործակցությունը, և վստահեցրել են, որ այն էլ ավելի ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակական են: