16/01/2017 14:46
Ղրղզստանում հունվարի 17-ին սգո օր կհայտարարվի
Ղրղզստանում հունվարի 17-ին սգո օր կհայտարարվի։ Այս մասին հայտնում է երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի մամուլի ծառայությունը։ Պետության ղեկավարն արդեն ցավակցել է թուրքական Boeing-747 օդանավի վթարի զոհերի հարազատներին, փոխանցում է RosBalt.ru-ն՝ հղում անելով 24.kg-ին:
Բեկորների մաքրման աշխատանքները շարունակվում են։ Վրաններ են խփել, որտեղ հոգեբանները զրուցում են զոհվածների հարազատների հետ։
«Մանաս» օդանավակայանից հայտնել են, որ օդանավը հարվածել է թռիչքուղուց 200 մ հեռավորության վրա գտնվող ծառերին և աերոնավիգացիայի շենքին։
«Նա արևելքից արևմուտք էր վայրէջք կատարում, և շասսին հարվածել է շենքին։ Ընկնելիս օդանավը հարվածել է 30 բնակելի տների», -ասել են օդանավակայանից։
Boeing 747-400 բեռնատար օդանավը կործանվել է հունվարի 16-ի առավոտյան, օդանավակայանի մերձակայքի ամառանոցային ավանում: Վերջին տվյալով՝ վթարի հետևանքով 37 մարդ է զոհվել, 32 բնակելի տուն ավերվել է: