18/01/2017 11:11
Ռոհանի. Իրանական գազի և նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները վերացվել են
Իրանի նկատմամբ սահմանված միջուկային ոլորտին առնչվող բոլոր պատժամիջոցները վերացվել են, իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Իրանի և «5+1 խմբի» միջև ձեռք բերված միջուկային համաձայնությանը, մասնավորապես ասել է. «Իրանի ժողովրդին տեղեկացնում եմ, որ Իրանի նկատմամբ սահմանված բոլոր պատժամիջոցները միջուկային համաձայնագրի կատարումից սկսած չեղյալ են հայտարարվել.
Այսօր գազի և նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները վերացվել են, տրանսպորտի, ապահովագրության և բանկային համակարգի ոլորտում աշխարհի խոշորագույն բանկերի հետ բարձր մակարդակի համագործակցություն ունենք»:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն նախօրեին գերմանական «Բիլդ» և բրիտանական «Թայմզ» պարբերականներին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի և «5+1 խմբի» միջև ստորագրված միջուկային գործարքին, մասնավորապես ասել էր. «Իմ կարծիքով այդ գործարքն ամենավատ համաձայնություններից մեկն է, որը մինչ այժմ ձեռք է բերվել, սակայն չեմ ցանկանում ասեմ, որ այդ համաձայնության հետ ինչ-որ բան եմ անելու»: