19/02/2010 13:42
Հայկական հոգևոր երաժշտախումբը Բելառուսում շահել է «Գրան պրի»-ն
Փետրվարի 10-13-ին Սուրբ Գեղարդ վանքի իգական երգեցիկ խումբը Բելառուսի Գրոդնո քաղաքում մասնակցել է «Կոլոժսկի բլագովեստ» ուղղափառ երգասացությունների 9-րդ մրցույթ-փառատոնին և շահել գլխավոր մրցանակը` «Գրան պրին»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին տեղեկացրեց Ս. Գեղարդ վանքի երգեցիկ խմբի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը:
«Փառատոնը նվիրված է ուղղափառ եկեղեցիների կամ ուղղափառ մշակույթների հոգևոր երգասացություններին»,- տեղեկացրեց Մհեր Նավոյանը և հավելեց, որ ուղղափառ եկեղեցիների միջև դավանաբանական տարբերություններ կան, սակայն դա չէր խանգարել, որ փառատոնի կազմակերպիչները հրավեր ուղարկեն Հայաստանին:
Մ. Նավոյանը տեղեկացրեց, որ փառատոնին մասնակցում էին 6 երկրներ` Բելառուսը, Ռուսաստանի Դաշնությունը, Լեհաստանը, Լիտվան, Սերբիան և Հայաստանը: Ժյուրին նույնպես միջազգային էր, իսկ մրցույթին մասնակցում էր 40 խումբ:
Փառատոնը հիմանդրել և կազմակեպել են Գրոդնոյի մարզը և տեղի թեմակալ, արքեպիսկոպոս Արտեմի Գրոդնիսկին: Բանախոսն ընդգծեց, որ մրցույթ-փառատոնին մասնակցում էին Բելառուսի բոլոր եկեղեցիների երգչախմբերը:
«Դա քաղաքականություն է իրենց մոտ, որովհետև իրենք հոգևոր մշակույթի վերելքով փորձում են պայքարել ուրիշ կոնֆեսիաների և աղանդների դեմ` համարելով, որ հոգևոր մշակույթը ամենալավ զենքն է», - շեշտեց Մհեր Նավոյանը:
Հավելենք, որ Ս. Գեղարդ վանքի իգական երգեցիկ խումբը փառատոնին մասնակցել է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: