27/10/2010 17:02
Հեյդար Ալիևի արձանը Ռուսաստանի համար մարտահրավեր է
Աստրախանում Հեյդար Ալիևի արձանի տեղադրումը մարտահրավեր է Ռուսաստանի հասարակության համար: Այսօր ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը:
«Կարծում եմ, որ սա մարտահրավեր է այն առումով, որ Աստրախանը գտնվում է անմիջապես Դաղստանին մոտ, և Հյուսիսային Կովկասում ընթացող բոլոր զարգացումները, անջատողական շարժումներն ասոցացվում են նաև Ադրբեջանի հետ, և արդարացիորեն կապվում են այդ երկրի հետ»,- ասաց բանախոսը` հավելելով, որ արձանի տեղադրումը չի նպաստելու Ադրբեջանի նկատմամբ ռուսաստանյան կողմի տրամադրությունների ջերմացմանը. «Ընդհակառակը` ինչպես շատ քայլեր, որոնք կատարում է Ալիևը, հակառակ ռեակցիա և հակազդեցություն են առաջացնելու: Կարծես թե, այդքան էլ խելամիտ քայլ չէ նման արձանի «բազմացումն» աշխարհով մեկ»,- հավելեց նա:
Բանախոսը նաև ընդգծեց, որ հայ-ռուսական հարաբերությունների վրա Հ. Ալիևի արձանի տեղադրումը ոչ մի ազդեցություն ունենալ չի կարող: