16/11/2010 19:14
Ռուսաստան, որտե՞ղ է սահմանդ
«Արտերկրում բնակվող հայրենակիցների վերաբնակեցման» ռուսաստանյան պետական ծրագրի շրջանակներում Հայաստանում ՌԴ Միգրացիոն ծառայության կողմից ՀՀ քաղաքացիներին վերջին երեք տարվա ընթացքում 500 վկայական է տրամադրվել: Միայն հոկտեմբերի ընթացքում Ծառայությանը ՀՀ քաղաքացիների 73 դիմում է ներկայացվել: Այդ մասին Aysor-ի թղթակցին հայտնել է Հայաստանում ՌԴ միգրացիոն ծառայության ներկայացուցչության ղեկավար Սվետլանա Ստեպանովան: Նշենք, որ ՌԴ պետական ծրագրի հիմնական նպատակն է խթանել և կազմակերպել հայրենակիցների կամավոր վերաբնակեցումը Ռուսաստան` այդ երկրում բնակչության թվաքանակի անկումը փոխհատուցելու նպատակով:
«Նրանք, ովքեր գալիս են մեզ մոտ, հաճախում են սեմինարների, որոնց ընթացքում մենք խոսում ենք ծրագրի մասին: Սակայն նրանցից շատերը այլևս չեն հաճախում, քանի որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը ցանկանում է աշխատել Ռուսաստանում, այլ ոչ թե մեկնել` մշտական բնակության»,- ասաց ՄԾ ներկայացուցիչը` հայտնելով, որ բացատրական աշխատանքներ են տարվում նաև Հայաստանի մարզերում:
«Այս ծրագրի մասին ես պատմում եմ տարբեր մարդկանց: Եղել եմ Լոռու մարզում, Իջևանում, մինչ այդ` խոսել եմ Արմավիրի մարզպետի հետ, Ֆիոլետովոյում, բացատրել ժողովրդին, թե ինչպես է ընթանում ծրագիրը: Սակայն մենք ոչինչ չենք քարոզում»,- վստահեցրեց ՌԴ ՄԾ ներկայացուցչության ղեկավարը:
Նրա խոսքերով` այս միգրացիոն ծրագրի մասին մոտ ժամանակներս հայալեզու ֆիլմ պատրաստ կլինի: Նկատենք, որ տեղեկատվական նյութերը արտերկրում գտնվող ՌԴ Միգրացիոն Ծառայության ներկայացուցիչների, հյուպատոսական առաքելությունների կողմից պետք է տարածվեն «հայրենակիցների և հայրենակցական միավորումների միջև»:
Ըստ Սվետլանա Ստեպանովայի` ՌԴ ՄԾ ներկայացուցչության նպատակն է օգնել այն մարդկանց, ովքեր պատրաստվում են տեղափոխել Ռուսաստան, ապահովել մեթոդական օգնությունը, ինչպես նաև` պատմել ՌԴ մարզերում պայմանների մասին և օգնել աշխատանք գտնել:
«Մարզերի ընտրությունը կապված է թափուր աշխատատեղերի հետ: Այսօր ծրագիրը ներառում է Ռուսաստանի 24 մարզ: Սկզբից ՀՀ քաղաքացին ընտրում է մարզը, լրացնում անձնական թերթիկը, որն ուղարկվում է Դաշնության համապատասխան տարածաշրջան:
Այնտեղ գործում են հատուկ հանձնաժողովներ, որոնք մեկ ամսվա ընթացքում քննում են հայցը: Եթե քաղաքացին համապատասխանում է ըստ որակավորման կամ տարիքի` մենք ստանում ենք դրական եզրակացություն, որտեղ նշվում է նաև առաջարկվող աշխատատեղը, աշխատավարձը և բնակարանով ապահովելու կարգը: Եթե քաղաքացին բնակարանային պայմաններով չի ապահովվում, այդ փաստաթղթի մեջ նշված է, թե որքան է բնակվարձը: Դրանից հետո, մենք հրավիրում ենք հիշյալ քաղաքացուն և ծանոթացնում պայմանների հետ: Եթե բոլոր փաստաթղթերը համապատասխանում են` մենք տալիս ենք ծրագրին մասնակցելու վկայականը»,- բացատրեց Ստեպանովան:
Համաձայն Հայաստանում Ռուսաստանի միգրացիոն ծառայության ներկայացուցչության` վկայականներ ստացած ՀՀ քաղաքացիների 90 տոկոսը ցանկացել է բնակություն հաստատել Կալինինգրադում: «Այնտեղ գոյություն ունի ուժեղ հայկական համայնք, եվրոպական քաղաք է: Պետական ծրագիրը հաջողությամբ իրականացվում է նաև Լիպեցկի և Վորոնեժի մարզերում»,- ասաց ներկայացուցչության ղեկավարը:
Նրա խոսքերով` Ռուսաստանում բնակեցված հաերի 90 %-ը նախընտրել է աշխատել շինարարության ոլորտում: Ըստ Ս. Ստեփանովայի` ծրագրի իրագործման շրջանակներում 3 տարվա ընթացքում ընդամենը 2 հայ է վերադարձել:
Նկատենք, որ պետական ծրագրին մասնակցած անձիք և նրանց ընտանիքի անդամներն իրավունք ունեն դաշնային բյուջեից ստանալ ճանապարհածախսի փոխհատուցումը, բնակեցման միանվագ նպաստ, եկամտի բացակայության դեպքում` ամսական նպաստ:
Սվետլանա Ստեփանովան նաև հայտնեց, որ ազգությամբ ռուս ՀՀ քաղաքացիներ ծրագրին մասնակցելու հայտերով գրեթե չեն դիմել: Նրա խոսքերով` ընտրվում են, հիմնականում, նրանք, ովքեր համապատասխանում են «հայրենակիցներ» սահմանմանը: «Հայրենակիցը նա է, ով կիսում է Ռուսաստանի մշակույթն ու ավանդույթները, խոսում ռուսերեն»,- ասաց Ս. Ստեպանովան` միաժամանակ, հավելելով, որ ռուսաց լեզվի իմացության ոչ մի գնահատում չի իրականացվում:
«Պետական ծրագրի շրջանակներում ռուսերենի իմացության գնահատում նախատեսված չէ: Ռուսերենի իմացությունը հաճախակի երևում է հարցաթերթիկի լրացման ժամանակ: Եթե մեկը չի կարող լրացնել հարցաթերթիկը, իհարկե, մենք նրան չենք ընդունում»,- ասաց Ռուսաստանի Միգրացիոն Ծառայության ներկայացուցիչը:
Նշենք, որ համաձայն Դաշնային օրենքի` «հայրենակիցներ» են սահմանվում այն մարդիկ, ովքեր ծնվել են մեկ պետության մեջ, ապրել կամ ապրում են այնտեղ, ունեն լեզվի, կրոնի, մշակութային ժառանգության, սովորույթների ընդհանրություն, ինչպես նաև` նրանց ուղիղ ժառանգները: