17/01/2011 11:15
Եվրախորհրդարանը կքննարկի Մինսկի հանդեպ պատժամիջոցները
Բրյուսելում այսօր բացվում է Եվրախորհրդարանի նիստը, որի ընթացքում կքննարկվի իրավիճակը Բելառուսում:
Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան ծառայությունը` հղում անելով Եվրախորհդարանի մամլո ծառայությանը, պատգամավորները կքննարկեն Մինսկի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Բելառուսի պաշտոնյաների համար Եվրամիություն մուտք գործելու արգելքին և նրանց արտասահմանյան ակտիվների սառեցմանը:
Սպասվում է նաև ԵՄ արտաքին քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հայտարարությունը` Բելառուսում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Եվրամիությունում քննադատաբար են մոտեցել Բելառուսում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներին և նրանց հաջորդած իրադարձություններին, երբ իշխանությունները ցրել են ընդդիմության հանրահավաքը: Ներկա պահին զանգվածային անկարգությունների գործով կալանավորված է 25 մարդ, որոնցից 4-ը նախագահի նախկին թեկնածուներ են: