08/10/2011 10:11
Սարկոզին Սահակաշվիլիին ևս պարգևատրեց
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նախօրեին Վրաստան կատարած այցի ժամանակ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին պարգևատրել է Պատվո լեգեոնի բարձրագույն պարգևով: Այս մասին գրել է «Թրենդ» (Trend) գործակալությունը:
Սահակաշվիլիին Ֆրանսիայի բարձրագույն պարգևը տրվել է նրա գործադրած ջանքերի համար, այս մասին ասված է Վրաստանի նախագահի վարչակազմի հայտարարության մեջ: «Երբեք չէի պատկերացնի, որ կստանամ ամենաբարձր պարգևներից մեկը»,- մեջբերել է գործակալությունը Սահակաշվիլիի հայտարարությունից:
Ի պատասխան այդ պարգևատրման, Վրաստանի ղեկավարն իր ֆրանսիացի գործընկերոջը պարգևատրել է Սուրբ Գեորգիի Հաղթանակի շքանշանով:
Ինչպես հայտնում է «ՌԵԳՆՈՒՄ» գործակալությունը, ավելի վաղ, Երևան և Բաքու այցերի ընթացքում, Սարկոզին Պատվո լեգեոնի պարգևներով է պարգևատրել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային: