13/12/2014 13:52
Ռուբեն Մելքոնյան. Ջեմալ փաշայի թոռը պալատական թուրք մտավորականների շարքից է
«Թուրքիան 1915թ.-ին ընդառաջ իր քարոզչության մեջ նոր տարրեր է մտցրել: Թուրքիան փորձում է ձևավորել, այսպես ասած, ազատ մտավորականների կերպարներ, որոնք հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Հայոց ցեղասպանությունը իրականացրած Ջեմալ փաշայի թոռան, թուրք գրող Հասան Ջեմալի երևանյան այցին, ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նա նշեց, որ այդ ընդդիմադիր գործիչների գործունեությունը չի վնասում Թուրքիային, այլ հակառակը, նպաստում են Անկարայի քաղաքականությանը:
«Այդ գործիչները ընդունում են Հայոց ցեղասպանությունը, սակայն երբ հարցը հասնում է փոխհատուցման թեմային, նրանք սկսում են խուսափել այդ թեմաներից»,-նշեց Ռ. Մելքոնյանը:
Ռ. Մելքոնյանն ասաց, որ եվրոպական տարբեր գրանտների միջոցով փորձ է արվում ձևավորել հայ-թուրքական հաշտեցման միջավայր:
«Արհեստականորեն մեր մեջ ձևավորվել է այն դիսկուրսը, թե պետք է տարբեր գործիչներ արտասանեն ցեղասպանություն բառը: Ցեղասպանությունը, սակայն, պետք է առաջին հերթին ստանա իրավական գնահատական, հատուցում, ինչից հետո նոր միայն կարող է սկսվել հայ և թուրք գործիչների միջև երկխոսություն»,-նշեց թուրքագետը:
Նրա խոսքով՝ Ջեմալ փաշայի թոռը պալատական թուրք մտավորականների շարքից և նա հրատարակել է Հայոց ցեղասպանության մասին գիրքը:
«Այդ գիրքը ցույց է տալիս Թուրքիայում հետաքրքիր սոցիալական զարգացում, թե ինչպես է թուրք գրողը ժխտողից դառնում Հայոց ցեղասպանությունը ընդունող: Հասան Ջեմալի այդ գրքի միջոցով հայ հասարակությունը պետք է տեսներ, թե նա ինչ է գրում և ինչ է մտածում և հայ հասարակությունը պետք է ճանաչեր նրան: Այդ գրքի թարգմանությունը նախաձեռնել եմ ես»,-նշեց Ռ.Մելքոնյանը:
Հրանտ Դինք հիմնադրամը, նրա խոսքով, վերածվեց թուրքական քարոզչամեքենային տարրի և այն ինչ անում է այդ հիմնադրամը չի կարելի գնահատել, որպես հայանպաստ գործունեություն:
«Հասան Ջեմալի գիրքը տպագրել է Հրանտ Դինքի հիմնադրամը: Գրքում պետք է լինեին իմ բացատրական բացատրությունները, մեկնաբանությունները: Սակայն Հրանտ Դինքի հիմնադրամը հրաժարվեց գրքի մեջ տեղակայել իմ նախաբանը: Գրքում տեղի են ունեցել փոփոխություններ, որի մասին ես տեղյակ չեմ եղել»,-նշեց Ռ. Մելքոնյանը:
Նա նշեց, որ իր մի շարք մեկնաբանություններ հանվել են կամ կրճատվել:
«Հասան Ջեմալը ԵՊՀ-ում պատասխանելով հայ ուսանողների հարցերին հայտարեց, որ կողմ չէ Թուրքիայի սահմանների փոփոխությանը և հողային փոխհատուցմներին հօգուտ Հայաստանի»,- հավելեց Ռ. Մելքոնյանը: