22/01/2015 17:54
Մ.Գրիգորյան. Եթե պահանջ լինի` կգնամ համոզվելու, որ Պերմյակովը Գյումրիում է
«Ես չեմ կարող ասել, որ Գյումրիում հակառուսական լուրջ տրամադրություններ կան. Այդպես չի»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ, գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Վերջինս նշեց, որ այս պահի դրությամբ դեռ ոչինչ պարզ չի, բայց բարեբախտաբար դրա ֆոնին ընդհանուր իրավիճակը հանգիստ է` մարդիկ սպասում են:
Հարցին ի պատասխան, թե հայկական կողմը նախօրեին մեղադրանք առաջադրեց Պերմյակովին, վերջինս այն ընդունել է, սակայն ողբերգությունից 10 օր անց ռուսական կողմը դեռ չի շտապում մեղադրանք առաջադրել, արդյո՞ք սա չի կարող կրկին բորբոքել կրքերը, Մ. Գրիգորյանն ասաց, որ դժվարանում է ասել, թե ինչու է ռուսական կողմը դանդաղում, բայց ամեն դեպքում այս իրավիճակում միակ ճիշտ որոշումը սպասելն է.
«Շտապողանակություն ցուցաբերելը ճիշտ չէ: Կողմերն ամենքը գործողություններ են իրականացնում, սպասենք»:
Գյումրեցիների պահանջներից մեկն այն է, որպեսզի Պերմյակովին չտեղափոխեն Մոսկվա և նա մնա Հայաստանում, իսկ Մարտուն Գրիգորյանը բողոքի ակցիայի ժամանակ անձամբ էր տեսել, որ հանվագործը ռազմաբազայի տարածքում է: ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ այս պահին տեղեկություն չունի, թե Պերմյակովը շարունակում է մնալ բազայի տարածքում, այսինքն` Գյումրիում, բայց եթե հարկ լինի, հասարակական պահանջ լինի` նա կրկին կգնա այնտեղ ու դրանում կհամոզվի: Առավել ևս, որ իր համար էլ դա կարևոր է` Պերմյակովը պետք է մնա Հայաստանում:
Հիշեցնենք, նախօրեին ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: