09/02/2015 10:00
Լրագրողի նոթերից. Լեոն մեզ չի ներելու
Ես եսասեր եմ ու վախկոտ: Ես դա վաղուց գիտեմ: Հինգ տարի առաջ ֆիլմերի մի փառատոնում ժյուրիի անդամ էի: Արտասահմանցի մասնակիցներից մեկը ֆիլմ էր պատրաստել ծեր կնոջ մասին, որին լքել էր ընտանիքը: Կնոջ միտքը խամրել էր, ինչ-որ անհոդաբաշխ բառեր էր ասում ու երգում նույն երգը՝ շատ հստակ, մեղեդին, խոսքերը... Դստեր սիրած երգն էր եղել: Կնոջ մտքում մնացել էր միայն այն, ինչ թանկ էր եղել իր երեխայի համար, այն երեխայի, որ հետո պիտի լքեր իրեն: Ես նայում էի ֆիլմը ու մտքում անընդհատ կրկնում՝ «Աստված իմ, իմ հետ այսպես չի լինի, չի լինի, չի լինի»: Թվում էր՝ որքան հաճախ ասեմ դա, այնքան ավելի իրատեսական կդառնան բառերս:
Հետո ես սկսեցի ամաչել այդ մտքից: Ամաչել, որովհետև դա ոչ թե ուրիշի դժբախտությունը կիսելու, սփոփելու մարդկային զգացողություն էր, այլ ուրիշից երջանիկ լինելու, ուրիշի դժբախտությունից հեռու լինելու անմարդկային ցանկություն: Ամոթ է, գիտեմ:
Հունվարի վերջին ծնվեց փոքրիկ Լեոն՝ Դաունի համախտանիշով փոքրիկը: Ես այս մասին ոչինչ չգրեցի, որովհետև մեզ համալսարանում սովորեցնում էին՝ երբեք չգրեք այն թեմաների մասին, որոնցում կա շահերի բախում: Ես ճանաչում եմ փոքրիկի մորը, ուղիղ 13 տարի: Շատերին դա չէին սովորեցրել: Գրեցին բոլորը: Գրեցին ու դատեցին: Գրեցին ու բարեպաշտ դարձան: Գրեցին, որ Լեոն հետո իմանա՝ բոլորն իր մորից լավն են, հատկապես իրենք:
Այս ընթացքում ես չեմ խոսել նաև երեխայի մոր հետ: Ինչ ասե՞մ: Ո՞նց ասեմ՝ կողքիդ կլինեմ, երկուսս էլ գիտենք, որ դա անհնար է: Չեմ կարող ասել՝ հասկանում եմ քեզ... Աստված իմ, չեմ ուզում հասկանալ: Չեմ կարող ասել՝ կմոռանաս, կանցնի, որովհետև՝ չի մոռանա, չի անցնի:
Ես լավ հասկանում եմ՝ մեկ-երկու շաբաթ հետո այս մասին մոռանալու են, որովհետև Լեոն կգնա, աղմուկը կմարի: Բայց ինձ համար մի բան հստակ է՝ հասարակությունը դատեց ոչ միայն մորը, այլև Լեոյին: Հասարակությունը նրան դատապարտեց վատ մայր ունենալու:
Եթե ուզում եք լավություն անել Լեոյին, ցած գցեք ձեր ձեռքի քարը, նախքան նրա մոր վրա նետելը: Լռեք՝ «քո մայրը հրեշ է» բղավելու փոխարեն: Աղոթեք Լեոյի համար՝ լուռ ու առանձնության մեջ: Գումար ունեք՝ փոխանցեք Լեոյին, կամ հազարավոր այն փոքրիկներին, որոնց շուրջն այսքան աղմուկ չկա, բայց որոնք Լեոյից շատ ունեն ձեր օգնության կարիքը:
Մեզ սա չի ներվելու, հավատացեք: Մեզ չի ներելու Լեոյի մայրը, որովհետև մեզ իրավունք տրված չէր այսպես դատելու: Մեզ չի ներելու նաև Լեոն, որովհետև մենք հայտնվեցինք իր ընտանիքում, իր ծնողների արանքում, աններելի դարձրինք գուցե ժամանակի ընթացքում հարթվելիք արարքները: Մենք դատեցինք ու զրկեցինք Լեոյին՝ իր ծնողներին ներելու հնարավորությունից: Մեզ սա չի ներվելու, որովհետև մենք վատն ենք: Որովհետև մենք մոռացանք, որ ճշտի ու սխալի արանքում կա երկու մարդու կյանք: Որովհետև մենք մոռացանք, որ մարդու կյանքը ճշտից ու սխալից կարևոր է: Ու որովհետև վախեցանք մտածել, որ դա կարող է պատահել նաև մեզ հետ: