16/01/2015 22:56
Լրագրողի նոթերից. Ես այլևս չգիտեմ՝ ինչպես գրել մարդկանց մասին
Մինչև վերջերս ես համոզված էի, որ լրագրությունը «գիտություն» է մարդկանց մասին, որ դրա առանցքը պետք է լինի մարդը՝ իր զգացածով, իր պատեկացումներով, իր գործողություններով: Ես երբեք չեմ հավատացել այն լրագրությանը, որում «լրագրողը պետք է զերծ լինի անձնական կարծիքից, մոտեցումներից»: Գուցե դա պրոֆեսիոնալ չէ, չգիտեմ:
Հիմա ես չգիտեմ ինչի մասին գրել: Փարիզյան դեպքերից հետո ես ուզում էի գրել՝ «մի ծաղրեք մարդկանց կրոնը», «ես նեղանում եմ, երբ ծաղրում եք իմ Աստծուն»: Բայց նաև ուզում էի գրել՝ «մի սպանեք մարդկանց», «մարդկանց երբեք-երբեք չի կարելի սպանել», «մարդու կյանքը միակ բանն է, որ կարևոր է»… Ես այդպես էլ չկարողացա ընտրել՝ սրանցից որն եմ ավելի շատ ուզում գրել:
Գյումրու դեպքերից հետո ոչինչ չէի զգում: Իմ ապրած գրեթե 30 տարիներին երբեք չէի լսել, որ երեխա սպանեն: Ես չգիտեմ՝ ինչ պետք է զգալ, երբ երեխա են սպանում: Ես չգիտեմ՝ ինչ է նշանակում «ուրիշի երեխա»:
Հետո ուզում էի գրել՝ «մի զարկեք իրար», բայց իմ փոխարեն դա գոռում էին Գյումրու կենտրոնում ցուցարարների ու ոստիկանների միջև կանգնած մարդիկ: Իրենք ինձանից ուժեղ են. Ես չգրեցի, իրենք՝ գոռում էին: Հետո ուզում էի ասել՝ «մի նկարեք մարդկանց հուղարկավորությունը, դա բարոյական չէ», բայց չարեցի, որովհետև ինքս էի նայում, որովհետև թվում էր՝ այնտեղ՝ Գյումրիում, մարդիկ գիտեն՝ ինչ զգալ, մարդիկ ունեն իմ հարցերի պատասխանները:
Ուզում էի ասել՝ «մի աղոթեք Facebook-ում, աղոթն առանձնության մեջ են անում», ուզում էի լաց լինել ու ամաչում էի: Սրանցից ոչ մի բառ չասացի, ոչ մի բառ…
Հիմա ուզում եմ ասել՝ «ես դեմ եմ մահապատժին» ու նորից հիշում եմ՝ «ուրիշի երեխա չի լինում»: Ուզում եմ ասել՝ «օրենքին թողեք» ու չեմ հավատում գրված օրենքներին:
Հիմա ես այլևս չգիտեմ՝ ինչպես գրել մարդկանց մասին, հիմա հուսահատ եմ ու ամաչում եմ դրանից, որովհետև այնտեղ, ուր գիտեն՝ ինչ զգալ, երբ երեխա է սպանվում, մարդիկ պայքարում են: