22/08/2013 20:13
Լրագրողի նոթերից. Սահմանի, զինվորի ու տունը տաք պահող մարդկանց մասին
Ընկերուհուս աղջիկն ասում էր՝ «Զինվորները պաշտպանում են մեզ և հայրենիքը»: Ընկերուհուս աղջիկը 2 տարեկան էր: Սա էր ճշմարտությունն իր համար, սա էր սահմանը՝ արժեքի, հայրենիքի ու զինվորի:
Երևի դժվար է տարիների հետ այս սահմանը չկորցնելը՝ հայրենիք-զինվոր-տուն-ես: Ես, օրինակ, հիմա չգիտեմ՝ սահմանը որտե՞ղ է: Զինվոր ընկերս ասում է՝ «հայրենիքը զինվորի բատինկայի տակ է», ճիշտ այնքան մետր, որքան քայլում է հերթապահության ժամանակ: Իր բաժին հայրենիքը, իր բաժին սահմանը, իր բաժին տունը:
Իմ բաժին հայրենիքը զինվորն է՝ մեկը, միայն մեկը:
Ինչ շատ ենք պահանջում մենք մի զինվորից: Մի մեծ հայրենիք տվել ենք ուսերին, ասում ենք՝ տար, պաշտպանի, պահի: Մենք մի տուն էլ չենք կարողանում պահել, մի կտոր հավատ էլ, մի բուռ աղոթք էլ չենք կարողանում: Ախր զինվորին թիկունք է պետք՝ պինդ, ամուր, կարոտող, սպասող: Զինվորին տուն է պետք՝ հետ գալու, ու տունը տաք պահող մարդիկ:
Ինձ մի սովորեցրեք ճշմարտություններ ձեր իմացած հայրենիքների, քաջության, կռվի, դավաճանության ու պարտության մասին. Թշնամու երկրում մեռնելու մեջ ոչ մի քաջ բան չկա, մեռնելու մեջ ընդհանրապես քաջություն չկա:
Հեշտ է քաջությունից խոսել, երբ դրա դրսևորման կարիքը երբեք չես ունեցել, հատկապես տանիցդ հեռու, հեշտ է ասել՝ ես, երբ քո տեղը հայրենիքն ընդհանրապես չգիտի, հեշտ է գնալ տուն, երբ դուռդ բաց է:
Քաջությունը չմեռնել է: Քաջությունը մարդ մնալն է՝ արդարության ու ուժի սարքովի սահմաններից դուրս, քաջությունը զինվորի տունը տաք պահելն է, քաջությունը զինվորին սպասելն է՝ մինչև վերջ, քաջությունը այդ վերջի բացառումն է:
Ինձ համար սահմանը զինվորն է՝ հինգ զինվոր եղբայրներս ու չորս զինվոր որդիներս, որ պիտի ծնվեն ու ծառայեն՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ:
Պատիվ ունեմ՝ քաջ չլինելու. Իմ գործն աննշան է, ես զինվորի համար տուն եմ պահում՝ սահմանից այս կողմ: