27/02/2015 12:07
Գ. Հարությունյան. ԵՏՄ հասարակությունների մասին շատ են անադեկվատ ընկալումները, որոնք խանգարում են ինտեգրմանը
Անհրաժեշտ է ստեղծել մեթոդներ, հատկացնել գումարներ, որպեսզի ստեղծվի ընդհանուր տեղեկատվական դաշտ, քանի որ ինչպես հայերը չգիտեն ղազախների կամ բելառուսների մասին, այնպես էլ նրանք քիչ բան գիտեն մեր մասին: Իսկ առանց դրա կառուցել ընդհանուր տարածք, շատ դժվար է: Այս մասին «Գլոբալ մարտահրավերները և եվրասիական ինտեգրումը» խորագրով կլոր սեղանի ժամանակ հայտարարեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը:
Նրա խոսքով` մեր հասարակությունների մասին բավականին շատ են անադեկվատ որակումներն ու ընկալումները, որոնք խանգարում են ինտեգրմանը: Օրինակ, Հայաստանի ու Ռուսաստանի հասարակությունները ներկայացվում են իբրև տեղեկացված հասարակություններ, բայց ավելի ճիշտ է հասարակությունները որակել իբրև «կվազիինֆորմացիոն»: Եվ ըստ այդմ` քանդել այդ ընկալումները ու գալ դեպի իրականություն.
«ԵՏՄ երկրների ինֆորմացիոն անվտանգության գլխավոր խնդիր պետք է լինի ինֆորմացիոն սուվերենությունը»,- ընդգծեց նա:
Գ. Հարությունյանն անչափ կարևորեց ԵՏՄ երկրների միջև ընդհանուր տեղեկատվական հարթակ ստեղծելու գաղափարը:
Նշենք, որ կլոր սեղանը նախաձեռնել էին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամն ու «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը` Եվրասիական փորձագիտական ակումբի շրջանակներում: