17/06/2015 11:33
Նախարար. Պրոբացիոն ծառայության արդյունավետ իրականացման համար կարևոր է քաղաքական կամքը
Այսօր տրվեց Պրոբացիայի ծառայության պիլոտային ծրագրի մեկնարկը: Երևանի Շենգավիթ վարչական շրջանում և Վանաձորում սկսվում են գործել պրոբացիայի ծառայության պիլոտային ստորաբաժանումները:
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանը իր խոսքում ասաց, որ սա համարում է կարևոր և պատմական օր, քանի որ պիլոտային ծրագիրն էական նշանակություն կունենա պրոբացիայի ծառայության արդյունավետ իրականացման համար:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ասաց, որ այս շրջանը կօգնի իրենց ճիշտ լուծումներ գտնել:
«Սկսվում է այլընտրանքային պատիժների համակարգի լիարժեք ներդրման, պրոբացիայի ծառայության ադապտացիայի շրջանը: Նորվեգիայի կառավարության և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող այս ծրագիրը կարևորում ենք, քանի որ այն հնարավորություն է տալիս ոչ միայն համապատասխան ծառայողներին մոտեցնել այս գործընթացին, այլ արձանագրել առկա խնդիրները, հետևություններ անել, այդկերպ օրենսդրական փուլում սխալներ թույլ չտալու համար»,- ասաց նա:
Նախարարն ասաց, որ միշտ որևէ նոր ծրագիր սկսելիս՝ թերահավատություն է լինում, որ Հայաստանում հնարավոր չէ իրականացնել, սակայն չպետք է վախենալ, այլ՝ առաջ գնալ:
Հովհ. Մանուկյանն ասաց, որ Կառավարությունը հավանության է արժանացրել պրոբացիայի ծառայության ստեղծման հայեցակարգը, որը պետք է առաջիկայում հիմք հանդիսանա համապատասխան օրենսդրություն ձևավորելու համար:
«Ծառայության արդյունավետ իրականացման համար կարևոր է քաղաքական կամքը»,- նշեց նախարարը: