02/07/2015 11:47
Անընդունելի է սեփական թերացումներին ուշադրություն դարձնելու փոխարեն արդարացման պատճառ փնտրելը
Այս մասին հայտնում են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։
Հանձնաժողովը պնդում է, որ ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես կարգավորման ոլորտին առնչվող, լիովին համապատասխանում է միջազգային փորձին և ունի լայն կիրառում:
«Ստեղծված իրավիճակում անընդունելի ենք համարում սեփական բացթողումներին և թերացումներին էլ ավելի ուշադրություն դարձնելու փոխարեն՝ դրանց արդարացման պատճառ փնտրելու փորձը»:
Հիշեցնենք, որ «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավարը հայտարարել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վնասները երկրում գործող կանոնակարգման համակարգի արդյունք են:
Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտում ստեղծված բարդ իրավիճակն ունի բացառապես տնտեսական, այլ ոչ քաղաքական պատճառներ, և դարձել է ոլորտի կանոնակարգման գործում համակարգային խնդիրների պատճառ։ Այդ մասին ТАСС գործակալությանը հայտնել է «Ինտեր ՌԱՕ» էներգետիկ ընկերության կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը։
«Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավարը հայտարարել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վնասները երկրում գործող կանոնակարգման համակարգի արդյունք են:
«ՀԷՑ-ի երկար տարիների կուտակած վնասները պայմանավորված են Հայաստանի Հանրապետությունում սակագների կանոնակարգման գործող համակարգով և էլեկտրաէներգետիկայի շուկայի գործունեության օրենքներով»,- ասել էր Կովալչուկը, մանրամասնելով, որ կանոնակարգման համակարգը ենթադրում է գեներացնող ընկերությունների ֆինանսավորում ՀԷՑ-ի հաշվին, ինչպես նաև ստիպում է ընկերությանն ավելի թանկ էլեկտրաէներգիա գնել, քան նախատեսված է Հայաստանի հաստատված էներգետիկ բալանսով՝ առանց սպառողների կողմից փոխհատուցումների:
Նա նաև հավելել էր, որ 11 տարվա ընթացքում սակագների ոչ բավարար բարձրացումը, Մեծամորում ատոմային էլեկտրակայանի վերանորոգումը, ինչպես նաև Հայաստանի հիդրոէլեկտրակայաններում արտադրության նվազումը բերել է նրան, որ երկրի բաշխիչ- ցանցային համալիրը 37 միլիարդ դրամի չափով պակաս եկամուտ է ստացել:
«Հայաստանի էլետրաէներգետիկ ոլորտում իրավիճակը բացառապես տնտեսական պատճառներ ունի, այստեղ չկա ոչ մի քաղաքականություն»,- ասել էր նա լրագրողներին:
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշման հայտարարությունից հետո սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ, որոնք շարունակվում են մինչև հիմա։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է իր վրա վերցնել ծախսերի փակումը մինչև ՀԷՑ-ի գործունեության աուդիտի ավարտը, որը կտևի 3-ից մինչև 6 ամիս:
Կովալչուկը հայտարարել է, որ «Ինտեր ՌԱՕ»-ն ողջունում է աուդիտի անցկացման գաղափարը: «Համոզված եմ, որ այդ աուդիտի արդյունքում եզրակացություններ կարվեն, որոնք կապացուցեն ոլորտում համակարգային փոփոխությունների նպատակահարմարությունը»,- ասել է նա։