05/02/2016 13:18
Նաիրա Զոհրաբյանը դեմ է Փոստանջյանի թեկնածությանը. «Նա խիստ ընդգծված գործիչ է»
Թեև ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում ԲՀԿ խմբակցությունը ներկայացրել է Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը, սակայն երեկ խմբակցությունում քննարկվել և որոշվել է, որ պետք է ներկայացնել մեկ այլ թեկնածու: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ խմբակցության քննարկումները ցույց են տվել, որ պետք է նախապատվությունը տալ նաև այլ երիտասարդ հավակնորդների:
«Խմբակցությունում քննարկել ենք, որ պետք է ներկայացնենք մեր կուսակցության խորհրդի անդամ Մակար Եղիազարյանի թեկնածությունը: Նրա անունը միգուցե շատ բան չի ասում, սակայն նա մասնագիտությամբ իրավաբան է, պրոֆեսիոնալ է: Նա այն երիտասարդներից է, ով ունի նաև լուրջ փորձառություն միջազգային կառույցներում: ԲՀԿ-ն հենց այդպես էլ պատկերացնում է ապագա ՄԻՊ պաշտպանին»,- հայտարարեց նա:
Ինչ վերաբերում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի թեկնածությանը, ապա ԲՀԿ խմբակցության ղեկավարը ընդգծեց, որ Զ. Փոստանջյանի դեմ ոչինչ չունի, սակայն կարծում է, որ վերջինս լավ քաղաքական գործիչ է, ով անդավաճան է իր սկզբունքներին, սակայն ինքն անձամբ գտնում է, որ ՄԻՊ-ը պետք է լինի անաչառ:
«Շատ հարգում և գնահատում են նրա սկզբունքայնությունը, բայց նա խիստ սուբյետիվ քաղաքական ընդգծված գործիչ է, ինչը նրան կխանգարի: ՄԻՊ-ը չպետք է լինի խիստ ընդգծված: Զարուհի Փոստանջյանը շատ ակտիվ քաղաքական գործիչ է, իսկ ԲՀԿ դիրքորոշումն է, որ այդ պաշտոնում չպետք է լինի քաղաքականացված անձ»,- ասաց նա: