31/05/2016 16:12
ԵԱՏՄ երկրների նախագահները ստորագրել են ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր
Նախագահ Սերժ Սարգսյանն Աստանայում Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների ղեկավարների հետ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին:
Դրանք վարել է հյուրընկալող երկրի՝ Ղազախստանի նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:
Նիստերին մասնակցել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ով խորհրդի անդամների քննարկմանն ու հաստատմանն է ներկայացրել նիստերի օրակարգը:
Միության անդամ պետությունների ղեկավարները օրակարգի շրջանակներում քննարկել են Եվրասիական տնտեսական միության արտաքին առևտրատնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր:
Ընդլայնված կազմով նիստի ավարտին նախագահները ստորագրել են ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման մասին հայեցակարգը: