19/07/2016 11:06
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Թաթուլ Թամրազյանի վիճակում դրական տեղաշարժ կա
Էրեբունու ՊՊԾ գնդի վրա կիրակի օրը տեղի ունեցած զինված հարձակման ընթացքում հրազենային վիրավորում ստացած «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Թաթուլ Թամրազյանի վիճակը կայուն ծանր է:
«Թաթուլ Թամրազյանը երեք օր առաջ է վիրահատվել: Նա մեզ մոտ էր տեղափոխվել որովայնի թափանցող վնասվածք՝ աղիքի, երիկամի վնասումով, ներքին արյունահոսությամբ: Վիճակը, ճիշտ է, կայուն է, բայց բժիշկները նրա մոտ արդեն դրական տեղաշարժ են նկատում: Այս պահին վիրավորը վերակենդանացման բաժանմունքում է», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
Նրա փոխանցմամբ՝ «Էրեբունի» ԲԿ-ում է գտնվում նաև հրազենային վիրավորում ստացած ոստիկանության լրատվական բաժնի օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը, ով արդեն լավ է զգում իրեն: