28/07/2016 12:26
Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը միացել է 9 պատգամավոր
ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել:
«ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնության տակ այս պահին համաձայնել են ստորագրել պատգամավորներ Թևան Պողոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Լևոն Զուրաբյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ռուբիկ Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Փաշինյանի օգնական Հակոբ Սիմիդյանը:
Փաշինյանը կոչ է անում ԱԺ արտահերթ նիստ հրավիրել այսօր՝ ժամը 17:00-ին:
Ի դեպ, նախաձեռնությանը միանում է նաև ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը. «Միանում եմ ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու և ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը և Երևան հասնելուն պես կստորագրեմ։ Սակայն, ցավոք սրտի, այս պահին արդեն ակնհայտ է, որ այսօր մինչև 17:00 համապատասխան թվով ստորագրություններ չեն հավաքվի։ Այսպիսով առաջարկս հետևյալն է, որ համապատասխան թվով համաձայնություն ունենալուց հետո կրկին վերցնենք ձևաթուղթ», - տեղեկացրել է Մարուքյանը։
Որպեսզի արտահերթ նիստը տեղի ունենա՝ հարկավոր է, որ 24 ժամվա ընթացքում ԱԺ թվով 44 պատգամավորներ ստորագրեն սահմանված ձևաթղթի տակ, ինչից հետո ԱԺ նախագահը օրենքով սահմանված կարգով պետք է ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրի:
ԱԺ-ն այս առիթով այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ ՀՀ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցը կարգավորված է ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով, ըստ որի՝ արտահերթ նիստ գումարում է ՀՀ ԱԺ նախագահը՝ Հանրապետության նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնության առկայության դեպքում: