02/08/2016 14:27
Ազատ Արշակյան. «Սասնա ծռեր» զինված խումբը չհասավ ոչնչի
Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը «Սասնա Ծռեր» զինված խմբավորման հարձակումը Էրեբունու ոստիկանության ՊՊԾ գնդի վրա համարում է հարձակում սեփական երկրի վրա:
«Գրավելով ՊՊԾ գունդը, նրանք հարձակվել են Հայաստանի վրա, հարցականի տակ դրել մեր անվտանգությունը: Չպետք է գրավվի Հայաստանի ոչ մի զորամաս, իսկ ով նման բան անի՝ պետք է պատժվի: Մենք պետք է պաշտպանենք մեր երկիրը, իսկ զենքը ուղղենք թշնամու կողմը», - ասաց Ա.Արշակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա կարծում է, որ զինված խումբը չհասավ ոչնչի, քանի որ նրանց ծրագրերը համակարգված չէին և չէին համընկնում իրենց ղեկավար՝ Ժիրայր Սեֆիլյանի պահանջների հետ:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն էլ հակադարձել է, ասելով որ ծրագրերում պարզապես փոփոխություններ են եղել:
Նա կարծում է, որ պայքարը դեռ չի ավարտվել, քանի որ «Սասնա Ծռեր» խմբավորումը ունի գաղափարախոսություն և դրանով է ղեկավարվում:
«Նրանք պարզապես չցանկացան արյունահեղություն լինի և, լսելով իրենց ղեկավար Ժ.Սեֆիլյանի հորդորը, վայր դրեցին զենքերը: Սակայն իշխանության նման կառավարումը մշտապես դժգոհություններ է առաջացնում և տարիներ շարունակ կուտակվելով՝ նոր ընդվզումների առիթ տալիս: Նման կառավարումով մենք երկիր չենք զարգացնի», - ասել է Լ.Ալավերդյանը:
Ազատ Արշակյանին և Լարիսա Ալավերդյանին ամենից շատ հուզում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ձերբակալումը և նրանք պատրաստվում են միանալ ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնած ստորագրահավաքին, որի նպատակն է` անձնական երաշխավորությամբ, օրենքով սահմանված կարգով միջնորդությամբ դիմել ՀՀ Քննչական կոմիտե` փոխել Արմեն Մարտիրոսյանի՝ որպես խափանման միջոց ընտրված կալանքը: