02/08/2016 13:19
Հայաստանի ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ. HRW
Հայաստանի ոստիկանությունը հուլիսի 29-ին անհամաչափ ուժ է կիրառել խաղաղ ցուցարարների և ցույցը լուսաբանող լրագրողների նկատմամբ, ասված է «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
«Ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով վիրավորվել են տասնյակ ցուցարարներ և լրագրողներ։ Ոստիկանությունը նաև ծեծել է լրագրողներին ու ցուցարարներին, տասնյակ քաղաքացիներ ձերբակալվել են»,- նշում է Human Rights Watch-ը։
«Հուլիսի 29-ին ոստիկանների հարձակումների հետաքննությունը պետք է անցկացվի անհապաղ և բազմակողմանի: Ոստիկանությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգը, բայց դա նրան քարտ բլանշ չի տալիս բռնություն գործադրել այն անձանց նկատմամբ, ովքեր խաղաղ հավաքվել են իրենց դիրքորոշումը արտահայտելու համար»,-հայտարարել է կազմակերպության Հարավային Կովկասի հարցերի տնօրեն Գեորգի Գոգիան:
«Human Rights Watch»-ը հայտնում է, որ կազմակերպության ներկայացուցիչները խոսել են բռնությունների ենթարկվածների և ականատեսների հետ:
«Նրանք նաև այցելել են հիվանդանոցներ՝ տեսակցելու մի քանի վիրավոր լրագրողների և ցուցարարների: Վիրավորներից մեկն ունի կտրվածքներ և առաջին ու երկրորդ կարգի այրվածքներ երկու ոտքերին: Բժիշկները նրա ոտքից հանել են լուսաձայնային նռնակի 5 պլաստիկե կտոր: Վիրավորն ի վիճակի չէր ինքնուրույն քայլել»,-արձանագրել է HRW-ի աշխատակիցը:
Միջազգային կազմակերպության փոխանցմամբ՝ ականատեսները հայտնել են, որ բազմությունը չի փորձել անցնել ոստիկանական պատը, երբ ոստիկանությունն սկսել է հատուկ միջոցներ կիրառել: «Իրադարձությունների տեսանյութը, որը դիտել են Human Rights Watch-ում, հաստատում է ականատեսների պատմածները»,-ասված է հայտարարության մեջ:
«Ոստիկանությունը չպետք է խոչընդոտի լրագրողների օրինական աշխատանքը»,-ընդգծել է Հարավային Կովկասի հարցերի տնօրեն Գ. Գոգիան: