02/08/2016 12:42
Մադուրոյի իմփիչմենթի վերաբերյալ առաջին քայլն արված է
Վենեսուելայի ազգային ընտրական խորհուրդը պաշտոնապես ճանաչել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի իմփիչմենթի վերաբերյալ ընդդիմության սկսած արշավի առաջին փուլը, հայտնում է BBC–ի ռուսական ծառայությունը:
Մադուրոյի հակառակորդներին հաջողվել է երկրի բոլոր 24 նահանգներում հավաքել ընտրողների 1 տոկոսի ստորագրությունները:
Հիմա նրանք պետք է ստանան Վենեսուելայի ընտրողների 20 տոկոսի աջակցությունը ու հավաքեն 4 մլն ստորագրություն:
Նիկոլաս Մադուրոն ընտրվել է 2013-ին վեց տարի ժամկետով:
Վենեսուելայում ծանր տնտեսական ճգնաժամի պատճառով, որն առաջացել էր նավթի գների անկման ֆոնին, նկատվում է լայն սպառման ապրանքների դեֆիցիտ: Բազմաթիվ խանութների վաճառասեղանները դատարկ են, մարդիկ մի ամբողջ օր հերթ են կանգնում անհրաժեշտ ապրանքներ գնելու համար: Կառավարության քննադատները նախագահ Մադուրոյին մեղադրում են տնտեսությունը կառավարելու անկարողության մեջ: Մադուրոն էլ իր հերթին խոշոր գործարարներին ու ԱՄՆ իշխանություններին է մեղադրում պարենամթերքի մատակարարումների խափանումների մեջ: