02/08/2016 13:00
Մահացած ծննդկան Մերի Մարգարյանը գիտակցություն չի ունեցել, բայց գանգատվել է հևոցից. փաստաթղթերում հակասություններ կան
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով նշանակված դատական նիստը:
Դատարանն այսօր անցավ փորձագիտական եզրակացությունների հրապարակմանը:
Մանավորապես, դատավոր Դավիթ Բալայանը ներկայացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի փաստաթուղթը, ըստ որի՝ Մերի Մագարյանը մահվանից մեկ օր առաջ բարձր ջերմություն է ունեցել, ողջ օրվա ընթացքում կնոջ ջերմությունը տատանվել է 38-39,6:
«Հիվանդը ԲԿ է ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, գիտակցություն չի ունեցել: Գանգատվել է հևոցից, շնչարգելակումից: Մաշկը գունատված է եղել», - ներկայացված էր փաստաթղթում:
Գործով ամբաստանյալ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հակասություն գտավ փաստաթղթի մեջ:
«Փաստաթղթում նշված է, որ Մերի Մարգարյանը գիտակցություն չի ունեցել, բայց և նշել են, որ գանգատվել է հևոցից, շնչարգելակումից», - հայտնեց Սիրունյանը:
Մերի Մարգարյանի իրավահաջորդի պաշտպան Մարինե Թովմասյանը դատարանում դեմ արտահայտվեց փաստաթղթերի հակասության մասին հրապարակմանը՝ ասելով, որ ցուցմունքներ կան փաստաթղթերի վերաբերյալ. «Ես կհորդորեմ նման հայտարարությունից զերծ մնալ և նման հայտարարություններ անել ցուցմունքներ տալուց և հետազոտումից հետո»:
Դատավոր Բալայանն ասաց, որ Թովմասյանը չի կարող սահմանափակել պաշտպանական կողմի հայտարարությունները, իսկ հակասությունների վերաբերյալ պատասխանները կտա «Էրեբունի» ԲԿ-ի ներկայացուցիչը:
Շարունակելով փորձագիտական եզրակացությունների հրապարակումը՝ ըստ «Էրեբունի» ԲԿ-ի ներկայացրած փաստաթղթի՝ հուլիսի 29-ին արդեն Մերի Մարգարյանի մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, HELLP համախտանիշ, հարաճող բազմաօրգանային անբավարարություն:
Դատարանն ընթերցեց նաև «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ներկայացրած փաստաթուղթը, որը վերաբերում էր հուլիսի 26-ին և 27-ին:
Ըստ այդ էպիկրիզի, որը ստորագրված է Շուշանիկ Բախշյանի անունով, Մերի Մարգարյանը հիվանդանոց է ընդունվել հուլիսի 26-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, գանգատվել է բարձր ջերմությունից, նախորդ երկու օրերին հեղուկներ է ընդունել և պարացետամոլ, իսկ հետազոտությունները եղել են նորմայի սահմաններում, հաջորդ օրը բազմապրոֆիլային հիվանդանոցի անհրաժեշտություն է առաջացել, ինչի համար էլ տողափոխվել է «Շենգավիթ» ԲԿ-ից:
Շուշանիկ Բախշյանը հաստատեց, որ էպիկրիզն ինքն է գրել, քիչ ժամանակ է ունեցել, ըստ այդմ, կարճ ներկայացրել է վիճակը. «Իսկ ամբողջ փաստաթղթերն էլ լուսանկարել է բժիշկ Հայկ Հարությունյանը, որը Մերի Մարգարյանի հետ «Էրեբունի» ԲԿ էր գնալու», - նշեց նա:
Մերի Մարգարյանի գործով դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 9-ին:
Նշենք, որ Մերի Մարգարյանի մահվան փաստով հարուցված քրեական գործը դատավոր Դավիթ Բալայանը չորս անգամ հետ է ուղարկել դատախազին` թերություններն ու վրիպակները շտկելու:
2015 թվականի հուլիսի 27-ին կեսարյան հատումից հետո «HELLP» սինդրոմ համախտանիշ երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Մերի Մարգարյանը երկու օր անց մահացել է:
Ըստ Քննչական կոմիտեի` դեպքի կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Մերի Մարգարյանը չորս օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը հոսպիտալացնել, հրաժարվել և չի կատարել իր պարտականությունները։ Ցուցաբերված անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով Մարգարյանը հուլիսի 29-ին մահացել է, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը:
Նույն բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանը 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է Մերի Մարգարյանի, այնուհեև` նորածնի մահը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»:
Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: