02/08/2016 14:10
Լոլիկի մթերումից դժգոհ գյուղացիները բացել են Արմավիր-Երևան ճանապարհը
Արմավիրի մարզում գյուղացիները փակել էին Արմավիր-Երևան ճանապարհը՝ դժգոհելով մարզում լոլիկի մթերման գործընթացից:
Գյուղնախարար Սերգո Կարապետյանի հանձնարարությամբ մարզ է մեկնել փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԳՆ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը:
«Հիմա փոխնախարարը հանդիպում է գյուղացիներին»,- ասաց մամուլի քարտուղարը:
Գյուղացիները նշում են, որ անցյալ տարի այս օրերին լոլիկի մթերումն արդեն սկսված էր, իսկ այս տարի գործարանները, մասնավորապես, «ՄԱՊ» գործարանը հրաժարվում է մթերում կատարել՝ նշելով, որ դեռ չի հասցրել իրացնել նախորդ տարվա արտադրանքը:
Տեղում է նաև «ՄԱՊ»-ի սեփականատեր, ՀՀԿ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը:
«Ա1+»-ի հետ զրույցում Ալեքսան Պետրոսյանի օգնական Անդրանիկ Խաչատրյանն ասաց, որ պատգամավորը զրուցել է գյուղացիների հետ, ու հարցն ամբողջովին լուծվել է.
«Պարոն Պետրոսյանը զրուցել է նրանց հետ, բոլորին ճանաչում է: Գյուղացիների հետ միասին ընդհանուր որոշման են եկել` ինչ պետք է անել, և ճանապարհը բացել են: Գյուղացիների պահանջը կատարվել է, նրանք գոհ-շնորհակալ գնացել են իրենց տներով»: