05/10/2016 14:19
Մի բարձրահասակ երիտասարդ փակեց դուռը, Փելեշյանն էլ սկսեց հայհոյել ու գլխիս հարվածել. Ավետարանչական եկեղեցու հովիվը՝ իրեն ծեծի ենթարկելու մասին
Վանաձորի Հայ Ավետարանչական եկեղեցու հովիվ Ռաֆիկ Գրիգորյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում որոշ մանրամասներ է պատմել ՏԻՄ ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու թեկնածու Արկադի Փելեշյանի կողմից ծեծի ենթարկվելու դեպքի մասին:
«Ընտրության նախորդ օրը Արկադի Փելեշյանն իր նկարով օրացույցներ է ուղարկել թոռնիկիս միջոցով: Ես ասել եմ, որ դրանք չեն կարող բաժանվել եկեղեցում՝ նախ որովհետև քաղաքականությունը պետք չէ եկեղեցի մտցնել, երկրորդ՝ ընտրություններից մի օր առաջ լռության օր է և օրացույցների բաժանումը օրենքի խախտում է», - ասաց Ռաֆիկ Գրիգորյանը:
«Երեկ Փելեշյանը եկավ եկեղեցի: Բարձրացավ սենյակ, խաչակնքվեց և խնդրեց առանձին զրույց ունենալ: Գնացինք կողքի սենյակ: Նրա հետ 10-15 հոգի մարդ կար: Երբ մտանք սենյակ, ես շրջվեցի, որ երկու աթոռ դնեմ իրար կողքի, որ նստենք ու խոսենք, բայց մի բարձրահասակ երիտասարդ փակեց դուռը, Փելեշյանն էլ սկսեց հայհոյել ու գլխիս հարվածել: Ես ասացի՝ անհարմար չես զգում, հորդ տարիքի մարդ եմ: Այդ բարձրահասակ տղան էլ թույլ չէր տալիս դուրս գայի, սպառնում էր ու փակում ճանապարհս», - Aysor.am-ին պատմեց Ռաֆիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ ծեծը տևել է շուրջ 10 րոպե, որից հետո ինքը ոստիկանությունում ցուցմունք է տվել ու ընկերների օգնությամբ տեղափոխվել հիվանդանոց:
«Վանաձորի հիվանդանոցում եմ հետազոտվել: Ինձ օգնություն են ցուցաբերել: Ուզեցել են պառկացնել, բայց հրաժարվել եմ ու ստորագրությամբ վերադարձել եմ տուն: Մինչև լույս գլխացավերից չէի կարողնաում քնել: Հետո էլ դատական բժիշկն ուղարկեց Դիլիջան КТ (համակարգչային տոմոգրաֆիա) անցկացնելու», - ասաց Ռաֆիկ Գրիգորյանը:
Նա նշեց, որ Փելեշյանն այնքան դաժան ու անմարդկային է եղել, որ եկեղեցու մեջ կնոջ, երեխայի և թոռան ներկայությամբ է ծեծել իրեն:
Ավելի վաղ Հայաստանի Քննչական կոմիտեից Aysor.am-ին հայտնել էին, որ հաղորդում է ստացվել Վանաձորում Հայ ավետարանչական եկեղեցու հովիվ Ռաֆիկ Գրիգորյանին ծեծի ենթարկելու մասին:
Aysor,am-ի թղթակցի հետ զրույցում «Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանն էլ նշել էր, որ Փելեշյանի և Գևորգյանի միջև միայն բանավեճ է եղել:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արտակ Եդոյանը նշել էր, որ Գրիգորյանը երեկ դիմել է հիվանդանոց, հետազոտվել, ստացել ամբուլատոր բուժօգնություն և գնացել տուն:
Ոստիկանությունից Aysor.am-ի թղթակցին հայտնել էին, որ այսօր Երևանում բերման է ենթարկվել Արկադի Փելեշյանը: