26/10/2016 16:05
Դուտերտեն խոստացել է ազատել Ֆիլիպիններն օտարերկրյա զորքերի ներկայությունից
Երկու տարվա ընթացքում Ֆիլիպինները կազատվի երկրում օտարերկրյա զորքերի ներկայությունից, հայտարարել է ֆիլիպինցի նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, փոխանցում է РИА Новости-ն:
«Հաջորդող երկու տարիներին մեր երկիրը կազատվի օտարերկրյա զորքերից: Ուզում եմ, որ նրանք հեռանան», - Տոկիոյում դասախոսության ժամանակ հայտարարել է Դուտերտեն, որի ելույթից հատվածներ է ցուցադրել TBS հեռուստաալիքը:
Ճապոնիա այցը Ֆիլիպինների նախագահը սկսել է նախօրեին:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ժամանակն է՝ Ֆիլիպինները հրաժեշտ տա ԱՄՆ-ին, սակայն ավելի ուշ Դուտերտեն ավելի մեղմ արտահայտությունների էր անցել՝ պարզաբանելով, որ իր երկիրը չի կարող խզել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, այլ պարզապես Ֆիլիպինները «կարիք չունի իր քաղաքականությունը կապել ԱՄՆ-ի քաղաքականության հետ»: