22/03/2017 17:45
Լավրով. Կոնկրետ գործերով կդատենք, թե Իսրայելն ինչպես է կատարում ՌԴ հետ պայմանավորվածությունը
ՌԴ-ն կոնկրետ գործերով կդատի, թե Իսրայելն ինչպես է կատարում Սիրիայում երկու երկրների ռազմական փոխգործակցության վերաբերյալ ՌԴ հետ պայմանավորվածությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Դամասակոսի մոտ Սիրիայի բանակի դիրքերին Իսրայելի վերջին ավիահարվածների մասին հարցին, փոխանցում է «РИА Новости-ն:
«Երբ Իսրայելի վարչապետը նախավերջին անգամ Մոսկվա այցելեց, նրա և նախագահ Պուտինի միջև հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, թե 2 երկրների՝ Ռուսաստանի և Իսրայելի զինվորականները ինչպես են փոխգործակցելու Սիրիայում տեղի ունեցողի հետ կապված», - ասել է Լավրովը:
Նա նշել է, որ «երբ պարոն Նեթանյահուն (Իսրայելի վարչապետը) մի քանի օր առաջ ՌԴ-ում էր, այդ պայմանավորվածությունը հստակ և ամբողջությամբ հաստատվել է նրա և ՌԴ նախագահի միջև»:
«Ելնում ենք այն հանգամանքից, որ կդատենք ոչ թե հայտարարությունների հիման վրա, այլ կոնկրետ գործերով, թե մեր իսրայելցի գործընկերները որքանով են ճշգրիտ կատարում այդ պայմանավորվածությունը», - հավելել է Լավրովը: