20/05/2017 11:11
Հաճույք եմ ստանում օրենքի նախագիծ ստեղծելուց. Հրայր Թովմասյան (Տեսանյութ)
ԱԺ Պետաիրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի Հանրապետական խմբակցության թեկնածու Հրայր Թովմասյանը միակն է հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներից, որը նախկինում պատգամավորական գործունեության փորձ չունի:
Այսօր իր ելույթում ԱԺ ամբիոնից նա հայտարարեց, թե պատրաստվում է առավոտից երեկո աշխատել նախագծերի վրա:
«Որպես իրավաբանի այդ աշխատանքը շատ հոգեհարազատ է, եթե չասեմ հաճույք եմ ստանում, բայց ինձ համար հաճելի է այդ ամբողջ պրոցեսը, թե նախագիծը ոնց է ստեղծվում և ավարտվում», - հայտարարեց Թովմասյանը:
Նա խոստացավ մշտական հանձնաժողովում ստեղծել մի հարթակ, որտեղ յուրաքանչյուր պատգամավորի կարծիք լսելի կդառնա:
«Փորձելու եմ հանձնաժողովում ստեղծել մի հարթակ, որ հարցին առնչվող պրակտիկ մարդկանց կարծիքները լսելի լինեն, նրանք, ովքեր պետք է կիրառեն այդ ամբողջը: Մենք հաճախ լսում ենք՝ օրենքը լավն է, բայց չի կիրառվում: Ուրեմն օրենքը լավը չի: Օրենքը լավն է, եթե այն կիրառվում է ու տալիս է արդյունքներ: Իրականությունից կտրված օրենքներ գրելը հեշտ է, քան ռեալ օրենքներ գրելը: Այդ օրենքներն ամեն օր կիրառող մարդկանց կարծիքը լսելը շատ կարևոր է լինելու մեզ համար», - հավելեց Թովմասյանը: