27/05/2017 13:54
Հերթական հիմարությունն է. Մարտուն Գրիգորյանը՝ Ֆրանսիա արտագաղթելու մասին
Գյումրեցի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հերքում է լուրերն այն մասին, թե, իբր, որոշել է արտագաղթել Ֆրանսիա։
«Հերթական հիմարությունն է», - անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին՝ Aysor.am-ի հետ զրույցում ասաց Մարտուն Գրիգորյանը։
«Ես հիմա զբաղված եմ իմ անձնական գործերով, որոնք չեմ հասցրել անել Ազգային ժողովում պատգամավոր եղած տարիներին, երեկ էլ միջոցառման եմ մասնակցել, ես Հայաստանում եմ ու չեմ պատրաստվում ինչ-որ տեղ մեկնել», - նշեց նա։
Aysor.am-ի դիտարկմանը՝ խոսակցություններ կան, որ Սերժ Սարգսյանը խոստացել է ձեզ մյուս տարի ընդգրկել Ազգային ժողովում՝ Ֆելիքս Ցոլակյանի փոխարեն, Մարտուն Գրիգորյանը վստահեցրեց, որ այդ թեմայով ինքը ոչ մի խոսակցություն չի ունեցել Սերժ Սարգսյանի հետ։
Այնուամենայնիվ, կցանկանա՞ր լինել նախկին պատգամավորը 6-րդ գումարման Ազգային ժողովում, նա պատասխանեց. «Եթե չուզենայի, չէի մասնակցի ընտրություններին»։
Նշենք՝ այսօր «Ժամանակ» թերթը գրել է, որ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով ԱԺ ընտրություններում պարտվելուց հետո Մարտուն Գրիգորյանը խորը ընկճախտի մեջ է։ Նա չի շփվում ոչ լրագրողների, ոչ քաղաքական թիմի անդամների հետ։
«Ասում են՝ Սերժ Սարգսյանը Մարտուն Գրիգորյանին տեղեկացրել է, որ Շիրակի մարզից ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով ԱԺ պատգամավոր դարձած Ֆելիքս Ցոլակյանը մեկ տարուց կնշանակվի որևէ այլ աշխատանքի, իսկ ինքը կգա ԱԺ։ Բայց դա տեղի կունենա հավանաբար 2018-ի ապրիլից հետո։ Մարտուն Գրիգորյանը միաժամանակ մտորում է ընտանյոք Ֆրանսիա արտագաղթելու մասին», - հավելել էր թերթը։