17/07/2017 13:51
Դպրոցների ՀՀԿ-ական բոլոր տնօրենները հրաժարվել են Իոաննիսյանի դեմ հայցից
Այսօր Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դպրոցների ՀՀԿ-ական տնօրենները բոլորը միասին հրաժարվել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազամկերպության և դրա նախագահ Դանիել Իոաննիսյանի դեմ հայցից, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին ասաց ուսուցիչների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Սեդրակյանը:
Փաստաբանը վկայակոչեց հայցվորներից Սուսաննա Գալստյանի՝ վերջերս տված հարցազրույցը, որով նա հայտարարել էր, որ հրաժարվելու է հայցից և ասել, որ պետք է ներողամիտ գտնվել, ու հավելեց, որ նրա մյուս գործընկերները հետևել են Գալստյանի օրինակին:
«Բոլոր հայցվորները որոշել են հրաժարվել հայցից և լիազորել էին մեզ՝ փաստաբաններիս, որ այսօր նրանց անունից հանդես գայինք դատարանում: Այդպես էլ եղավ: Հայցից հրաժարվելով՝ տնօրեններն օգտվել են իրենց վերապահված իրավունքներից», - ասաց փաստաբանը:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ 30 տնօրեն դիմել էր դատարան՝ ընդդեմ ձայնագրություններ հրապարակած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության՝ պահանջելով հարպարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և որպես փոխհատուցում վճարել 2-ական մլն դրամ։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ՝ 60 մլն դրամ: