19/10/2017 14:17
Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կարող է դառնալ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը. Նալբանդյան
Հայաստանը սերտ կապեր ունի Եվրոպական միության հետ և մտադիր է ընդլայնել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում, Եվրոպայի հայկական չորրորդ համագումարում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Եվրոպական միությունն արժեքավոր օժանդակություն է ցուցաբերում մեր երկրում իրականացվող շարունակական բարեփոխումներին, աջակցում է Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին՝ ուղղված մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական առաջմղմանը, ժողովրդավարական կառույցների ամրապնդմանը, դատական համակարգի և արդյունավետ կառավարման բարելավմանը: Կառանձնացնեի նաև մեր համագործակցությունն անցած ապրիլին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների համատեքստում»,- նշել է նա:
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով`Եվրամիության աջակցությունը ներառում է նաև Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներն այդ թվում` էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը և այլն: Դրանցից ոմանք տարածաշրջանային նշանակություն ունեն, ինչպես օրինակ հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացումը և բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցումը:
«Մենք ակտիվորեն համագործակցում ենք կրթության, նորարարության, գիտության և մշակույթների ոլորտներում, ներառյալ այնպիսի ծրագրերի միջոցով, ինչպիսիք են «Հորիզոն 2020», «Էրազմուս +» և այլք: Այս տարի մենք ավարտեցինք «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի և Ընդհանուր ավիացիոն տարածքի պայմանագրի շուրջ բանակցությունները Եվրոպական միության հետ»,- ասել է Է. Նալբանդյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վերջնականացվել է և նախաստորագրվել:
«Համաձայնագրի ստորագրումը կարող է դառնալ նոյեմբերին Բրյուսելում անցկացվելիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:
Էդվարդ Նալբանդյանը Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի հարցերից առանձնացրել է վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի կարևորությունը, որը ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում ամրագրված հանձնառություններից մեկն էր, և կարևոր նշանակություն ունի շարժունակության ընդլայնման ու մարդկանց միջև շփումների խորացման առումով: