01/11/2017 19:24
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դոնալդ Թրամփին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Հանրապետության նախագահը ցավակցություն և զորակցություն է հայտնել ԱՄՆ նախագահին, Ամերիկայի ողջ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։
«Նման անմարդկային գործողությունները վերահաստատում են մեր այն համոզմունքը, որ ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում, և անհրաժեշտ է միասնականորեն ու վճռականությամբ շարունակել միջազգային հանրության պայքարը մարդկության դեմ ուղղված այդ չարիքն արմատախիլ անելու համար:
Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդի հետ մենք աղոթում ենք անմեղ զոհերի հոգիների խաղաղության և վիրավորների առողջության համար», - ասված է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում: