12/12/2017 16:52
Ռուսաստանում 2017 թվականին կանխվել է 18 ահաբեկչական գործողություն
Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության տնօրեն, ահաբեկչության դեմ պայքարի ազգային հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ երկրում 2017 թվականին 61 ահաբեկչական հանցագործության դեպք է կանխվեր, դրանց թվում`18 ահաբեկչական գործողության, փոխանցում է ТАСС-ը:
«Ստացված տեղեկությունների վերլուծության արդյունքները վկայում են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարների կողմից Ռուսաստանի տարբեր շրջաններում ահաբեկչական գործողության օջախներ ստեղծելու շարունակական փորձերի մասին», - ասել է Բորտնիկովը: «Այս միտումների վկայությունն են Սանկտ Պետերբուրգում և Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզում ահաբեկչական գործողությունները, նախապատրաստման փուլում ահաբեկչական բնույթի 61 հանցագործությունների, այդ թվում՝ 18 ահաբեկչական գործողության կանխարգելումը»,-ասել է նա:
Դաշնային անվտանգության ծառայության ղեկավարը նշել է, որ ահաբեկչական հարձակումները նախատեսում էին իրականացնել բազմամարդ վայրերում և ռազմավարական նշանակության օբյեկտներում:
Բորտնիկովն ավելացրել է նաև, որ այս տարի դադարեցվել է 56 գաղտնի ահաբեկչական խմբավորման գործունեություն: